ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 31-ամյա կինը կալանավորվեց 60 տարեկան տղամարդու սպանության գործով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները դիմել են ՀՀ կառավարություն՝ 31-ամյա կնոջ երկու տարեկան երեխայի խնամակալության հարցով: Բանն այն է, որ մորը կալանավորելուց հետո չկա որեւէ մեկը երեխայի խնամքով զբաղվելու համար, ուստի իրավապահները դիմել են կառավարություն երեխային մանկատուն տեղափոխելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ կինը իրավապահներին պատմել է, որ գտնվել է տղամարդու հետ արտաամուսնական կապի մեջ: Հուլիսի 2-ին հանդիպել են, զրուցել, ժամանակ անցկացրել, իսկ ավելի ուշ ինքը տղամարդուն սրբիչով խեղդամահ է արել:
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ մեքենայում, որտեղ 31-ամյա Աշխենը խեղդամահ է արել Սամվել Առաքելյանին, գտնվել է 2-ամյա երեխա, ասել է թե՝ երեխան ականատես է եղել դեպքին:
Նշենք, որ հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշխեն Ն-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հաշվի առնելով մարդու կյանքի անձնական գաղտնիության իրավունքը՝ դեպքից այլ մանրամասներ չենք հրապարակում:
Ք. Մ.