Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:
Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:
Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:
Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»: