Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր. Արմեն Սարգսյանը ցավակցել է Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը:

Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը:

Ցավակցում եմ Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մեր երկրում եւ աշխարհում նրա արվեստի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»:




Լրահոս