Պետական դավաճանության գործով նիստը կրկին հետաձգվեց. վկաները բերման էին ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ գործով այսօր տեղի ունեցած երկրոդ դատական նիստը կրկին հետաձգվեց։ Դատարանը բերման էր ենթարկել գործով անցնող մեղադրյալ Ստելլա Սահակյանին, որը դատարանում միջնորդեց իրեն պաշտպան տրամադրել: Արդյունքում մեղադրյալի պաշտպան տրամադրելու համար նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստին Ստելա Սահակյանը չէր ներկայացել: Արդյունքում դատախազը միջնորդել էր՝ պատշաճ ծանուցված ամբաստանյալին և վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչը դատարանը բավարարել էր և Ստելլա Սահակյանը ներկայացավ դատարան, սակայն նիստը կրկին հետաձգվեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ, լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։ Կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։

Քնար Մանուկյան




Լրահոս