Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական կեղծ դատավարությունն են սկսում՝ այս անգամ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայերի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ (լրտեսություն) հոդվածով:
Բոլոր մեղադրական նյութերն ուղարկվել են ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարան:
Նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկում:
Բաքվի դատարանը որոշում էր կայացրել Գեղամ Սերոբյանին և Հրաչ Ավագյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մնացածին՝ 6 ամիս: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։