Հայաստանում թուրքական հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականները չգիտեն, թե ինչպես են աշխատելու: Նրանք հայտնվել են անելանելի վիճակում՝ թուրքական ապրանքների արգելքի պատճառով: Հիշեցնենք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով եւ հունիսի 1-ին լրացավ արգելքի ժամեկտը: Իսկ վեցամսյա արգելքն ուժի մեջ մտավ 2021 թվականի հուլիսի 1-ից եւ գործելու է վեց ամիս ժամկետով:
ArmLur.am-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փորձել է պարզել` ինչ է կատարվում այս պահին հագուստի շուկայում եւ որ երկրի արտադրանք են հիմնականում առաջարկում սպառողներին։
Մեզ հետ զրույցում առեւտրականները նկատեցին, որ սպառողը հրաժարվում է ռուսական արտադրության հագուստ գնել: Ի դեպ, հագուստն ու տեքստիլը Թուրքիայից ներկրման հիմնական ապրանքներից են։ Եթե 2019թ․-ին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 միլիոն դոլարի ապրանք (դրանցից 69,4 միլիոնի՝ հագուստ), ապա 2020թ-ին ներկրումը կազմել է մոտ 100 միլիոն դոլար (այնուամենայնիվ ազդեցություն է ունեցել Արցախի պատերազմն ու դրանում Թուրքիայի գործոնը)։ Անցած տարի ներկրվել է ավելի քան 33 միլիոն դոլարի հագուստ։ Այդպիսով, տեքստիլը կազմել է ամբողջ ներկրման մոտ 1/3-ը։ Թեեւ պաշտոնապես արգելվում է թուրքական ծագման ապրանքների ներմուծումը, բայց այնուամենայնիվ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները: Թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով:
Ս.Հ.