Հասան Ռոհանին ներողություն է խնդրել ժողովրդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել համերկրացիներից` երկրի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարման ընդհատումների համար, հաղորդում է apnews.com-ը:

Տեսոկոնֆերանսի ռեժիմում կառավարության հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Ռոհանին խոստովանել է, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հնարավոր չէր ապահովել երկրի բնակչությանն էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում:

«Ընդհատումներն առաջացել են տեխնիկական խնդիրների պատճառով: Ես չեմ ցանկանում խորանալ խնդրի մանրամասների մեջ, բայց ուզում եմ նշել, որ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների մասին որոշումը հարկադիր միջոց էր` ուղղված իրանական էներգահամակարգի պաշտպանությանը: Ներողություն եմ հայցում սիրելի ժողովրդից, որն առնչվել է այդ խնդիրներին», – ասել է նախագահը:

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները բողոքի ալիքի պատճառ են դարձել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆն այս շաբաթ քննադատել է կառավարության վարած քաղաքականությունն ու նշել, որ էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում գոնե պետք է պահպանել անջատումների տրված ժամանակացույցը, որպեսզի մարդիկ կարողանան ծրագրել իրենց գործերը։




Լրահոս