Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ և ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության և ընդհանրության սկզբունքների հիման վրա։ «Ա. Հարությունյանը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը՝ էականորեն բարձրացնելով դրանց չափերը: Նախագահը նաև հանձնարարել է արագ ընթացքավորել առկա դիմումները և սկսել գումարների տրամադրման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր՝ ծրագրի շրջանակները ընդլայնելու և պայմանները բարելավելու նպատակով: