ԴԻՄՈՒՄ ՎԱՂՈՒՑ Է ԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մարությանը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Նա այդ ժամանակ անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ եւ հրաժարվել կուսակցության անդամությունից, որն էլ ավելի է բորբոքել իրավիճակը։

Այսինքն՝ այդ դիմումը դեռ ընտրություններից առաջ է գրվել, սակայն միայն այս պահին հրապարակային դարձավ տեղեկությունը։ Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին ընտրություններից առաջ ցույց տալ, թե Հայկ Մարությանի հետ տարաձայնություն չկա։ Դա է պատճառը, որ վարչապետի արդեն նախկին խորհրդական, ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարությանից դժգոհեց ընտրություններից հետո։

Այս ամենի արդյունքում իշխանությունը որոշել է վերընտրվելուց հետո ազատվել Հայկ Մարությանից, սակայն դեռ չի հաջողվում։ Հավելենք, որ Երեւան քաղաքը եղել է Փաշինյանի ձախողումը. այստեղ նա ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ մի քանի ընտրատեղամասում էլ՝ պարտվել ընդդիմադիր մրցակիցներին։

 

 

Առաջիկայում լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի որդու պայմանագրի ժամկետը, եւ վերջինիս զինվորական ընկերները սպասում են ՊՆ-ի որոշմանը, թե նրա հետ նախարարությունը նոր պայմանագիր կկնքի, որպեսզի շարունակի ծառայությունը բանակում, թե ոչ: Խաչատուրովի զինվորական ընկերները մտահոգված են՝ եթե ՊՆ-ն նրա հետ նոր պայմանագիր չկնքի, ապա բանակը լուրջ զինվորականի կկորցնի: Անձամբ Խաչատուրովն իր մտերիմ մարդկանց ասել է, որ ո՛չ տարիքային, ո՛չ էլ այլ խնդիր չունի եւ պատրաստ է շարունակել ծառայությունը, իսկ մնացածն էլ իր որոշելիքը չէ, այլ ՊՆ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պետք է որոշում կայացնի: ՊՆ-ում, հաշվի առնելով վերջին գործընթացները, բավականին լուրջ են տրամադրված. բանակը պետք է ազատվի խաչատուրովներից: Բացի այդ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Փաշինյանի հրաժարականը, պահանջի տակ ստորագրել էր նաեւ Գրիգորի Խաչատուրովը, այնուհետեւ՝ մարտի 10-ին, Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՊՆ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչատուրովը կարժանանա ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի եւ Իշխան Մաթեւոսյանի ճակատագրին, այսինքն՝ ստիպված կլինի լքել բանակը: Նրանց հետ նոր պայմանագիր չկնքվեց:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետեւաբար  ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել» : Ի դեպ, իշխանությունը զղջացել է եւ Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաեւ այդ հարցում  փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ համալսարանում խիստ լարված իրավիճակ է, ու այնտեղ պետք է գնա մի անձ, որը կկարողանա այդ խայտառակ վիճակը կարգավորել: Բայց ինչպես են քաղաքական պաշտոնյաները բուհը հեռու պահելու քաղաքականությունից՝ մեծ հարց է մնում:

 

 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: «Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է: Եւ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչեւ 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձեւով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, եւ երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, եւ ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրնապատկվեն»,- բացատրեց մասնագետը: Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հնդկական շտամ»-ին, ասաց, որ առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե մեր երկրում որ ենթատեսակն է շրջանառվում: «Ռուսաստանում, տեսնում եք, թե ինչ սարսափելի համաճարակային իրավիճակ է, եւ բազմիցս պատասխանատու կառույցները հայտարարել են, որ «հնդկական շտամ»-ն է շրջանառվում: Նույնիսկ հայտարարվում է, որ արդեն Ռուսաստանում գուցե «հնդակական շտամ» ենթատեսակն ինքն իր հերթին ենթարկվել է փոփոխության, եւ հաշվի առնելով, որ մեր բնակչության տեղաշարժը դեպի Ռուսաստան շատ ինտենսիվ է՝ շատ հնարավոր է, որ Հայաստան եւս այն ներթափանցի»,- նկատեց մասնագետը:

 




Լրահոս