ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ` պարզելու համար, թե արդյոք դժգոհ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից: Ըստ Աբգարյանի՝ Հայկ Մարությանը հրաժարական չի ներկայացնելու, ու իշխանության ֆրակցիան էլ չի նախաձեռնի այնպիսի պրոցես, որը կտանի քաղաքապետի հրաժարականին:
-Ի՞նչ տեղեկություն ունեք: Իշխանությունն ինչո՞ւ սկսեց չհավանելՀայկ Մարությանի աշխատանքն ու որոշեց օգտագործել պողատե մանդատ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց է սկսվել այս ամենը:
-Ես կարծում եմ, որ հրաժարականի պահանջը մի փոքր ուռճացված է, քանի որ իրականում մենք չունենք պաշտոնապես նման պահանջ: Մենք ունենք ընդամենը մի հարցազրույցում հայտնված կադրիկ, այնպես որ, չի կարելի ասել, որ 100-տոկոսանոց պնդում է: Բայց լարվածություն կա, եւ այն կապված է քաղաքապետի ապաքաղաքական լինելու հետ: Թիմակիցները սպասում էին իրենից ակտիվ աշխատանք ընտրությունների ժամանակ: Հիասթափություն է տեղի ունեցել այդ առումով, առավել եւս, որ Երեւանում բարձր տոկոսներ չի տարել «Քաղաքացիական պայմանագիրը»: Հիմնական պատճառը, ինձ թվում է, սա է, թեպետ մինչ այդ էլ եղել են տարբեր լարվածության օջախներ, լարված տարբեր աշխատանքային հատվածներ:
-Տիկի՛ն Աբգարյան, սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունն ուզում է, որ Հայկ Մարությանը ենթարկվի իրեն եւ իր ցանկացած քայլ ճշտի իշխանության հետ:
-Ամբողջ իշխանության անունից մենք հիմքեր չունենք պնդելու, որովհետեւ չենք լսել նման բան հենց առաջին հերթին վարչապետի կողմից, որպեսզի կարողանանք եզրակացություններ անել: Իսկ կուսակցության առումով, այո, դա երեւում է, որ կուսակիցները ցանկանում են, որ Հայկ Մարությանը լինի լիարժեք թիմի անդամ եւ առաջ տանի կուսակցության շահերը:
-Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ թիմին հասնել Հայկ Մարությանի հրաժարականին: Դուք ի՞նչ եք հասկանում քաղաքապետի գործելաոճից, կզիջի՞ արդյոք:
-Ոչ, կարծում եմ՝ քաղաքապետը որեւէ մտադրություն չունի հեռանալու, որովհետեւ հենց սկզբից էլ նա գիտակցում էր, որ իր պաշտոնը որպես քաղաքում իրավիճակը փոխելու, փոփոխություններ անելու, այլ կարիք ստեղծելու նպատակով պաշտոն է, ոչ թե քաղաքական շահ հետապնդելու ու ամրացնելու իր քաղաքական կուսակցության դիրքերը: Դա առաջին օրվանից իր պահելաձեւից երեւում էր, որ ավելի շատ տնտեսական էր, ուղղված էր քաղաքի տնտեսության զարգացմանը: Գիտեմ, որ շատ պատվախնդիր է իր տված խոստումներում, եւ մինչեւ իր ծրագիրը չհաջողվեր իրականացնել, չէր ցանկանա լքել իր պաշտոնը:
-Դուք Հայկ Մարությանի կատարած աշխատանքից գո՞հ եք: Կարողացա՞վ կատարել այն ծրագրերը, որոնք խոստացել էր:
-Բնականաբար, ինչպես ցանկացած պաշտոնյանի կամ կառույցի աշխատանք, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Ես ինքս, եթե նայեք ավագանու նիստերը, գրեթե ամեն նիստին ահազանգել եմ խնդիրների մասին եւ այն թույլ կետերի, որոնք դեռ կան, լուծված չեն: Պետք է հաշվի առնենք, որ քաղաքապետն առաջնորդվել է հիմնական թիրախներով՝ իր աշխատանքային գործունեությունը կենտրոնացնելով հենց այդ թիրախների վրա: Դրանք այն թիրախներն էին, որ նշվել էին Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՎԱՐՈՒՆԳԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Հայաստանի ներքին շուկայում վարունգի գինը սրընթաց բարձրանում է: Պատճառը վարունգի դեֆիցիտն է: ArmLur.am-ը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ վարունգի մեկ կիլոգրամը օրեր առաջ վաճառվել է 100-150 դրամով, իսկ այս օրերին այն արժե 350-400 դրամ: Վարունգի մեծածախ գինն արժե 250-300 դրամ: ArmLur.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչները, որոնք վարունգի մշակությամբ են զբաղվում, փոխանցեցին, որ մայիս ամսին տեղացած ուժգին կարկուտը մեծ վնասներ է հասցրել վարունգի մշակաբույսերին. կարկուտի հետեւանքով պատռվել են ջերմոցների թաղանթները, եւ վնասվել է վարունգի բույսը, ինչի հետեւանքով ջերմոցատերերը չեն կարողացել նախատեսված քանակությամբ վարունգ հավաքել: Բացի այս, գարնանը ցանած վարունգի բույսերն արդեն չորացել են, դրանք այլեւս բերքատու չեն: Վարունգի գնի բարձրացման երրորդ պատճառ էլ է շրջանառվում. այս տարի գյուղացիները քիչ են վարունգ մշակել՝ նախընտրելով լոլիկը, եւ սա է պատճառը, որ լոլիկի գինն այս ընթացքում ցածր է, մեծածախ գինն արժե 70-80 դրամ: Նախորդ տարվա ընթացքում այն փոքր-ինչ թանկ է եղել՝ 120-150 դրամ:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։ Քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։ Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել եւ դրանց քննությունն իրականացնել հուլիսի 9-ին՝ առավոտյան ժամը 11։00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
8-րդ գումարման խորհրդարանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կլինի 107 պատգամավոր, որից 36-ը՝ ընդդիմադիր: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նորեկներին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Այսօր կներկայացնենք «Պատիվ ունեմ» դաշինքից այն 7 պատգամավորներին, որոնք խորհրդարան են անցել եւ կստանան պատգամավորական մանդատ: Եվ չնայած 7 թեկնածուն էլ հանրությանը հայտնի են, սակայն միայն Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանն են, որ մինչ այս պատգամավոր են եղել:
Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ 2018 թվականից, երբ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վանեցյանի ունեցվածքի եւ եկամուտի մասին հայտարարագրում շատ տեղեկություններ առկա չեն:
Ցուցակում երկրորդ համարը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 ամառանոց Ջերմուկում, իսկ որպես շարժական գույք՝ «Mercedes-Benz S 450» մակնիշի ավտոմեքենա: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից մինչեւ 2018 թվականը, ապա հեղափոխությունից հետո հրաժարական տվեց:
Երրորդ համարը ՀՀԿ երիտմիության անդամ, Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դուստն է՝ Աննա Մկրտչյանը: Նա ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երեւանում:
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ցուցակում չորրորդն է եւ նախկինում եւս պատգամավոր է եղել: Նրա պատգամավորական գործունեությունն ավարտվել է 2019-ին, երբ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից
ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը 2016 թ.-ից ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավարն է, «Լույս» հիմնադրամի հետազոտությունների համակարգողն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը։ Դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալասարանում եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Վեցերորդ համար Թագուհի Թովմասյանն ԱԺ պատգամավոր է: 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, խմբակցությունից դուրս է եկել պատերազմից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրն է:
Եվ յոթերորդ համար Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ-անդամ է: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, տնօրենի խորհրդական, այնուհետեւ՝ Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական: Պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է Զինված ուժերի 20-ամյակի հուշամեդալով: