ՀԱՊԿ ՈՒՇԱՑԱԾ ԱՐՁԱԳԱՆՔՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կապակցությամբ:

 

Անվտանգության խորհրդի գրասենյակից  հայտնում են, որ այնուհետեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձեւակերպումների եւ գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձեւակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը երեք ուղղությունով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սակայն ՀԱՊԿ-ը, որին Հայաստանը դիմել է ներխուժումից օրեր անց, գնահատական տվեց միայն շաբաթ օրը: Մասնավորապես կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

Ստանիսլավ Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չկա:  Նա նաեւ տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:

Եվ չնայած ՀԱՊԿ-ից նման գնահատական է տրվում, սակայն նկատենք, որ արդեն գրեթե երկու ամիս Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցած ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը որպես իրավիճակի լուծում առաջարկել էր զորքերը երկու կողմերից էլ՝ հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար եւ այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Այս մասով դեռ որոշում չկա, սակայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը վերջերս հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ:

Ն.Հ.

 

 

Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Հիշեցնենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը շոշափվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման գործով:

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական գործ է հարուցել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է գաղտնիքի հրապարակմանը առանց դավաճանության հատկանիշների։ ԱԱԾ-ն հաղորդում է, որ կատարված քննության արդյունքում հիմնավորված է համարում, որ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը 2020 թվականի նոյեմբերի 19-ին հարցազրույցներից մեկի ընթացքում հրապարակել է «պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ», մասնավորապես՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունների, զարգացման ծրագրերի, զինված ուժերի կիրառման ծրագրերի եւ այլ հարցերի շուրջ։ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ մեղադրանքը չափազանց ընդհանրական է. «Ընդհանրապես կապ չունի իր հետ»:

Ի դեպ, Գլխավոր շտաբի նախկին պետի նոյեմբերին արած հայտարարությունների մասով եւս մեկ քրեական գործ էլ քննվում է Հատուկ քննչական ծառայությունում,  որտեղ Մովսես Հակոբյանը անդրադարձել էր տարբեր պաշտոնյաների արարքներին պատերազմի ընթացքում, որոնցից ամենամեծ ուշադրությանն արժանացել էր Հակոբյանի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել է բանակի լրահամալրման գործընթացը։

 

7 ԱՃՅՈՒՆ

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական  աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը  իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է եւս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն:

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏ

Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը. հայտնում է haqqin.az-ը: Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: Դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ ընթացող նիստում ամբաստանյալները ցուցմունք են տվել: Ըստ մեղադրող կողմի՝ ամբաստանյալները, «ապօրինի կերպով ձեռք բերելով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, 2020 թվականի նոյեմբերի 17-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը եւ դիրքեր գրավել Հադրութի տարածքում գտնվող անտառում` իրականցնելով դիվերսիաներ» (չակերտները-խմբ.): Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, ապա նրանց սպառնում է 14-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

 

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

«Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում», – Hurriyet Daily News պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Կառավարությունը կապեր է հաստատում աշխարհի առաջատար ընկերությունների հետ վերակառուցմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները խթանելու նպատակով։ Թուրքական ընկերությունները այդ գործընթացքում առանցքային դերակատարություն ունեն։ Առաջին պայմանագրերը կնքվել են հենց թուրքական ընկերությունների հետ, եւ մենք վստահ ենք, որ այդ կառույցները մեր երկիր կներմուծեն նորարարության ոգի, ռեսուրսներ եւ փորձ»,-հայտարարել է Բայրամովը։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով` 44-օրյա պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում թուրքական ընկերությունները հիմնականում զբաղվելու են ճանապարհաշինությամբ եւ ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաեւ ներգրավվելու են հանքարդյունաբերության ոլորտում։

 

 

 




Լրահոս