ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ՝ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից եւ մնում գործազուրկ։

 

ՀՀ սահմանադրության օրը մի շարք պաշտոնյաներ կոչում ստացան.  Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վահե Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանին եւս շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Գեներալ-մայորի կոչում են ստացել նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը:

Գործընթացից անմասն չմնացին դատախազության պաշտոնյաները. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչումներ է շնորհել նաեւ ՀՀ արդարադատության նախարարության մասնագետներին:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նշենք, որ Արմեն Աֆանդյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Բուդաղյանների միջադեպի գործով դատախազն է եղել, ինչի արդյունքում էլ նախկին մարզպետը պատասխանատվության չենթարկվեց:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը կոռումպացված պաշտոնյայի համբավ է ունեցել:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ArmLur.am-ը գրել էր, որ Գեւորգ Բաղդասարյանին գեներալի կոչում են տալու: Ի դեպ, նա էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է:

Իսկ թե ինչ ճակատագիր կսպասվի նոր կոչում ստացած պաշտոնյաներին, ցույց կտա ժամանակը: Հիշում եք, հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, ապա ազատվում աշխատանքից:

Առաջին մեկնարկը 2019 թվականին տվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկու օր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:

Հաջորդ պաշտոնյան Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանն էր: Նրան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում տրվեց հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ արեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:

2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից:

2020 թվականին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում:

Իսկ թե ինչ կսպասվի նոր կոչում ստացած պաշտոնյաներին, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՈՐԱԾԻՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը կայունանում է: Այս մասին տեղեկացրեց Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը: «Երեկ մի փոքր ջերմել էր, այսօր արդեն նորմալ է, վիճակը կայունանում է, կա դրական տեղաշարժ: Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք»,- ասաց Մարգարիտա Հարությունյանը: Գյումրու Ավտոկայան թաղամասում՝ պարիսպներից մեկի տակ, հուլիսի 3-ին՝ առավոտյան, թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է, ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն: Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը` 51 սմ: Երեխան առողջ է: Նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հականիշներով:

 

 

ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Բաթումիում հուլիսի 3-ին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դանակահարված հայ տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ասել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։ «Երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել եւ, բարեբախտաբար, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է։ Մի քանի օրվա ընթացքում նա դուրս է գրվելու հիվանդանոցից»,- ասաց նա։ Նշենք, որ անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Ըստ տարածված լուրերի՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են հավանաբար ազգությամբ ադրբեջանցիներ՝ վանկարկելով՝ «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»: Գոմանի բնակիչների խոսքով՝ տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաեւ ոստիկան, ով եւս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գոմանցի անչափահասին դանակահարելու համար բերման է ենթարկվել մեկ անձ:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ՝ ՇՄԱՅՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հուլիսի 1-ին, Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ, հետախուզում է հայտարարվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի նկատմամբ:

 

ArmLur.am-ը գրել էր, որ նախկին պատգամավորի գործերը այդքան էլ լավ չեն: Հայաստանի Հանրապետության բանկերից մեկը դիմել է Սնանկության դատարան եւ հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Մեզ հայտնի էր դարձել, որ նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի շեմը, եւ չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան եւ նախկին պատգամավորին տանում է հարկադիր սնանկացման: Իսկ ինչո՞ւ է դատավոր նման որոշում կայացրել: Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանին՝ տրամադրելով 15 օրյա ժամկետ` իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան, առանց հասցեատիրոջը հանձնվելու՝ նշումով` «Չպահանջված»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, եւ նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի, նրա գույքի, ինչպես նաեւ հաշվապահական եւ այլ փաստաթղթերի նկատմամբ:

Հետեւաբար նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության վայրից, եւ վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել՝ դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս