ՄԱՐԴԻԿ ԿԶՐԿՎԵՆ ՋՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ վերջին գնահատականների՝ աշխարհում 10-ից 3-ը ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ հնարավորություն չի ունեցել տանը օճառով եւ ջրով լվանալ ձեռքերը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության համաշխարհային կոմիտեի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցից։ ԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի՝ 2000-2020թթ. խմելու ջրի, սանիտարահիգինիկ իրավիճակի առաջընթացի մասին զեկույցը գնահատականներ է տալիս մաքուր ջուր ունենալու, սանիտարահիգիենիկ պայմաններից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ՝ նախորդ 5 տարիների կտրվածքով: Զեկույցը նաեւ գնահատում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) 6-րդ նպատակին հասնելու առաջընթացը, այն է՝ «Մինչեւ 2030թ. ձեռք բերել անվտանգ եւ մատչելի խմելու ջրի համընդհանուր եւ հավասար հասանելիություն բոլորի համար»: Առաջին անգամ զեկույցը անդրադառնում է նաեւ դաշտանային առողջության վերաբերյալ ազգային տվյալներին:

 

2020թ.-ին 4-ից գրեթե 1-ը տանը մաքուր ջուր չի ունեցել, իսկ աշխարհի բնակչության մոտավորապես կեսը զրկված է եղել անվտանգ կերպով կառավարվող սանիտարահիգիենիկ պայմաններից։ ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում մաքուր ջրից օգտվելու անհրաժեշտությունն առավել կարեւորվեց։ Համավարակի սկզբից աշխարհում 10-ից 3-ը չի կարողացել իր տանը լվանալ ձեռքերը օճառով եւ ջրով։ «Ձեռքեր լվանալը ՔՈՎԻԴ-19-ի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ աշխարհում չունեն մաքուր ջուր»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը: «Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել այս համավարակը եւ կառուցել ավելի դիմացկուն առողջապահական համակարգ, հօգուտ ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների ներդնելը պետք է դառնա համաշխարհային առաջնահերթություն»:

Զեկույցում որոշակի առաջընթաց է արձանագրված՝ ուղղված ջրից եւ սանիտարահիգիենիկ հիմնական ծառայություններից օգտվելու համընդհանուր հասանելիությունն ապահովելուն: 2016-2020թթ. ընթացքում մաքուր ջուր ունեցող աշխարհի բնակչության թիվը 70 տոկոսից դարձել է 74, անվտանգ կերպով կառավարվող սանիտարահիգիենիկ ծառայություններն աճել են 47 տոկոսից մինչեւ 54, իսկ լվացարաններից, օճառից եւ ջրից օգտվողների թիվը 67 տոկոսից դարձել է 71 տոկոս: Զեկույցում հստակ նշվում է, որ եթե տվյալ միտումը պահպանվի, միլիոնավոր երեխաներ եւ ընտանիքներ կմնան առանց կյանքի համար կարեւորագույն պայմանների՝ առանձնացնելով, որ մինչեւ 2030 թ.-ը աշխարհի բնակչության միայն 81 տոկոսը տանը կունենա մաքուր խմելու ջուր, իսկ 1,6 միլիարդ մարդ զրկված կլինի դրանից, միայն 67 տոկոսը կունենա անվտանգ սանիտարահիգիենիկ պայմաններ, իսկ 2,8 միլիարդ մարդ զրկված կլինի այդ պայմաններից, եւ միայն 78 տոկոսը կունենա ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ եւ միջոցներ, իսկ 1,9 միլիարդ մարդ զրկված կլինի դրանցից։

Ըստ զեկույցի՝ գոյություն ունի հսկայական անհավասարություն, ինչի հետեւանքով ավելի շատ են տուժում խոցելի ընտանիքներն ու նրանց երեխաները։ Որպեսզի աշխարհի բնակչությունը ջուր ունենա մինչեւ 2030 թ.-ը, ներկայումս գոյություն ունեցող առաջընթացի տեմպը պետք է տասնապատիկ ավելանա ամենաքիչ զարգացած երկրներում: Խոցելի վայրերում, որտեղ մարդիկ երկու անգամ ավելի հավանական է, որ չունենան անվտանգ խմելու ջուր, տեմպը պետք է ավելանա 23 անգամ: «Նույնիսկ համավարակից առաջ միլիոնավոր մարդիկ տուժում էին մաքուր ջրի, անվտանգ սանիտարահիգիենիկ պայմանների եւ ձեռքերը լվանալու համար նախատեսված հարմարությունների բացակայությունից»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Չնայած ցայսօր արձանագրված տպավորիչ առաջընթացին՝ ավելացնելու կենսական նշանակության ծառայությունների առկայությունը, տագնապալի եւ աճող կարիքները գերազանցում են այդ կարիքները հոգալու մեր հնարավորությունը։ Ժամանակն է զգալիորեն շատ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր երեխայի եւ ընտանիքի տրամադրել առողջության եւ բարօրության համար անհրաժեշտ տարրական պայմաններ, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19-ի նման ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար»:

Զեկույցում տեղ գտած այլ կարեւոր բացահայտումներից են՝ ջրային տարրական ծառայություններ ունեցող 10 մարդկանցից 8-ը գյուղաբնակ է, անվտանգ կառավարվող սանիտարական ծառայությունները հասանելի են աշխարհի քաղաքային բնակչության 62 տոկոսին, իսկ գյուղական բնակչության՝ 44 տոկոսին: Ենթասահարյան Աֆրիկայի երկրներում առաջընթացն ամենափոքրն է աշխարհում։ Բնակչության միայն 54 տոկոսն է օգտվում խմելու մաքուր ջրից, իսկ խոցելի վայրերում՝ միայն 25 տոկոսը: Դաշտանային առողջության վերաբերյալ ի հայտ եկած տվյալները ցույց են տալիս, որ շատ երկրներում կանանց եւ աղջիկների մեծամասնությունը հնարավորություն չունի հոգալու իր կարիքները։ Զգալի տարբերություն է նկատվում հիմնականում խոցելի խմբերի, աղքատ ընտանիքների եւ հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների մոտ:

Իրավիճակը Հայաստանում:

Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Այս դպրոցներում սովորում է մոտ 11, 900 երեխա եւ աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ:

70-ում բացակայում է ջրամատակարարում, այսինքն՝ մոտ 4400 երեխա եւ ավելի քան 640 ուսուցիչ չունեն ջրի հասանելիություն դպրոցի մեջ կամ տարածքում:

 

 

 

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

Բերդ քաղաքի մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է, որ  Տավուշ բերդը վտանգված է, որ ինքը բազմիցս արտահայտվել է այդ  մասին։ Նա տեղեկացրել է, որ 2020 թ.-ին սկսված պեղումների պատճառով հեռացվել է ամրոցի գլխամասի հողային շերտը, որը հարյուրամյակներով ամրոցից մնացած այդ փոքրիկ մասունքը պաշտպանել է բնության տարերքից։ Հիմա անձրեւաջրերը առատորեն քայքայում են պատմական մեծ արժեք ներկայացնող Տավուշ բերդի վերջին պատառիկները։ Արմեն Մելիքյանը գրել է, որ ինքը  պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այդ հրատապ խնդրի վրա։ Հեռախոսազրույց ունեցա  2020թ. Բերդ քաղաքի Տավուշ ամրոցում պեղումներ կատարած հնագիտության եււ  ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանի հետ։ Նա հայտնեց, որ անցյալ տարի Հայաստանի պետական բյուջեի միջոցներով Տավուշ ամրոցում հնագիտական պեղումներ են կատարվել, սակայն դրանք կիսատ են մնացել Արցախում սկսված պատերազմի պատճառով, ինքը եւ արշավախմբի այլ անդամներ կամավոր մեկնել են Արցախ։ Նա ասաց, որ արդեն լուծված է պետական բյուջեի միջոցներով Բերդ ամրոցում պեղումները շարունակելու հարցը, եւ առաջիկա օրերին Բերդ քաղաքի Տավուշ ամրոցում հնագիտական պեղումները կշարունակվեն։ Արշավախմբի ղեկավարը հայտնեց, որ անցյալ տարի պեղվել է 13-14 դարերի մշակութային  շերտ։

 

 

ՎՆԱՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ

Հուլիսի 2-ին բավական երկար տեւած փոթորիկը եւ հորդ անձրեւը վնասներ են պատճառել Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան գյուղին։ Այդ վնասները ճշտելու համար գյուղում կազմվել են  3 հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովներից մեկի ղեկավար, Բերդավանի մշակույթի տան տնօրեն Սամվել Սեւինյանը հայտնեց, որ հիմնականում տուժել են տների տանիքների ծածկի ազբոշիֆերներ, տանիքների ծածկի մետաղյա թիթեղներ, նաեւ 2 փոքր պատ է փլուզվել։ Ս. Սեւինյանն ասաց, որ փոթորկից արքայախնձորի ծառեր են կոտրվել կամ ընկել, սակայն  բերդավանցիները հարկ չեն համարել, որ դա որպես իրենց նյութական կորուստներ գրանցվեն։ Ս. Սեւինյանի խոսքերով՝ Բերդավանի խաղողի այգիներում փոթորկից խաղողի վազի հենասյուներ են ընկել, սակայն  դրանք նույնպես որպես բնության պատճառված վնաս չեն գրանցել։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ փոթորկից ամբողջությամբ պոկվել է մեկ ավտոնորոգման կետի, մեկ առանձնատան եւ մեկ գոմի տանիքի ծածկ։ Նա ասաց, որ շատ բերդավանցիենր ձեռնամուխ են եղել իրենց տների վնասված տանիքների ծածկի նորոգմանը։ Բերդավանի վարչական ղեկավարը բնության տարերքի պատճառած վնասների մասին ամփոփ տեղեկատվությունը հուլիսի 5-ի երեկոյան կներկայացնի Նոյեմբերյանի համայնքապետարան: Նա հույս ունի, որ կառավարությունը կաջակցի  բնական տարերքից տուժած սահմանամերձ Բերդավանի բնակիչներին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքի՝ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, հմուտ մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ դա կապված է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում  Կ. Վարդապետյանի կողմից «Հայաստան» դաշինքին սատարելու հետ: Կ. Վարդապետյանին աշխատանքից ազատելու որոշումը բացակայում է  Տավուշի մարզպետարանի  ինտերնետային կայքի  «Իրավական ակտեր»  բաժնում։ Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալաթախչյանը հայտնեց, որ երեք օր առաջ Կորյուն Վարդապետյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին, սակայն չի կարող ասել՝  նա ազատվել  է  աշխատանքից, թե ոչ։  Մի քանի անգամ զանգահարեցի Կ. Վարդապետյանին, սակայն նա չպատասխանեց։ Շուրջ մեկ տարի առաջ փակվեց Աչաջրի առողջության կենտրոնում գործող ծննդատունը։ Առողջապահության այն ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը դա պատճառաբանեց  ծննդատանը վիրահատարանի եւ  բժիշկ-անզգայացնողի բացակայությամբ։ Աչաջուր համայնքի ղեկավարը  հույս հայտնեց, որ կգա  ժամանակ, որ Աչաջրի ծննդատունը կվերաբացվի։

 

 

ՊԵՏԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՆԵՐԿՐՈՒՄԸ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Մանվել  Մայիսի Հովհաննիսյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է  այն բանի համար, որ 2014թ. մայիսի 23-ից մինչեւ 2016թ.  մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը  ծառայության շահերին  հակառակ  օգտագործելով՝ դիտավորությամբ խոչընդոտել  է  «Կապիտալ  ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ՌԴ  Վոլգոգրադ քաղաքից ձեռք բերված եւ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  ՀՀ փոխադրված  դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի  մաքսային ձեւակերպմանը, որի հետեւանքով  պետության օրինական շահերին պատճառվել է  էական վնաս, իսկ «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ-ին՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս։ Մ. Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է  ծանր հետեւանքներ»)։  Նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել  չհեռանալու  մասին  ստորագրությունը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս