ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հայրիկները եւ մայրիկներն արդեն մի քանի օր է, ինչ իրենց երկրպագուների հետ կիսվում են առաջնեկների 1-ամյակի առթիվ կազմակերած խնջույքների գեղեցիկ լուսանկարներով եւ բարեմաղթանքներով։

 

«Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողներին ներկայացնում է այն հայտնի ծնողներին, որոնք նշել են իրենց երեխաների տարեդարձը։

Այսպիսով, ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու՝ Գասպարի 1-ամյակը տոնել է հուլիսի 3-ին, իսկ, ահա, հաջորդ օրը՝  հուլիսի 4-ին, դիմահարդարը մեծ շուքով նշել է իր 28-ամյակը։

Նա Ինստագրամի իր էջում որդու խնջույքից լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել:

«Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, եւ դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է նա:

Գոհարի որդու ծննդյան խնջույքին երգել են Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը: Գոհարը նշել է, որ Ռազմիկ Ամյանի երգի ներքո որդու հետ պարելն իր երազանքներից մեկն էր, որն իրականացել է:

Որդու ծննդյան խնջույքից հետո Գոհարն ընտանիքի ու ընկերների հետ նշել է իր 28-ամյակը: Խնջույքը եղել է շենքի 86-րդ հարկում եւ վերեւից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհա՛ր» գրությամբ պաստառ: Այս անակնկալը նրան մատուցել են եղբայրներն ու քույրը:

Դիմահարդարը նաեւ ցույց է տվել, թե ինչ շքեղ նվերներ են ստացել ինքն ու որդին: Գոհարը Rolex բրենդի ժամացույց է նվեր ստացել, որի արժեքը 40-50 հազար դոլար է: Նա նաեւ նվերներ է ստացել Yves Saint Laurent, Balenciaga, Valentino, Dior, Tom Ford, Louis Vuitton բրենդներից:

Դիմահարդարը ցույց է տվել իր ծնողների նվերը Mercury բրենդից եւ նշել, որ այն զարդերի աշխարհի ամենաթանկարժեք բրենդներից է: Ծնողները Գոհարին ականջօղներ են նվիրել. դիմահարդարն ընդգծել է, որ դրանք մեկ Mercedes մեքենա արժեն: Բրենդի պաշտոնական կայքում ականջօղներն արժեն 20 հազար դոլարից ավելի:

Գոհարը նաեւ պատմել է, որ ամուսինն իրեն սպիտակ ոսկուց ադամանդապատ մատանի ու ականջօղներ է նվիրել, բայց չի նշել դրանց գինը:

Դիմահարդարը ցույց է տվել նաեւ որդու նվերները՝ 1 կգ արծաթից սպասք, ոսկյա խաչ, մատանի, տարբեր հագուստներ՝ թանկարժեք բրենդներից:

Գոհար Ավետիսյանի գերշքեղ ծննդյան արարողությունից հետո՝ հուլիսի 5-ին, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելայնը նշել են 1-ամյա Ռոբի տարեդարձի եւ մկրտության արարողությունը։

Ծնողները փոքրիկ Ռոբերտին մկրտել են Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին նաեւ պսակադրվել:

Արարողությունից հետո նրանք խնջույք են կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում: Փոքրիկ Ռոբերտը նաեւ մեծ տորթ ու տարոսիկներ է ունեցել: Խնջույքին երգել են Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լեւոնյանը, Արփի Շահնուբարյանը: Նրանց հյուրերի թվում են եղել Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Թելման Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը, Վիկա Մարտիրոսյանը եւ այլք։

Միհրանն ու Արփին  կազմակերպել են նաեւ փոքրիկի ատամհատիկի արարողությունը: Ռոբերտն ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը:

Իսկ երեկ իրենց դստեր մեկ տարեկանն են նշել նաեւ երգչուհի Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը։

«Ծնունդդ շնորհավոր, ի՛մ Կարինա. եթե քեզ վրձնով նկարեի, կնկարեի հենց այնպիսին, ինչպիսին որ կաս։ Աստված ինձ իմ երազած բալիկին պարգեւեց ու չափից շատ շռայլ գտնվեց»,- շնորհավորել է Աննան։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՈՒՌԸ». ՎԻՏԱԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախի գրողների միության անդամ Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքում հայրենի Հադրութի կորուստն է, լքված տունը, հայրենիքի ապագայի հանդեպ բանաստեղծի մրմուռը, քաղաքական խաղերի նկատմամբ վրդովմունքը, պատերազմի ճռռացող դուռը: Այս ամենն ընթերցողին կտանի մի աշխարհ, որտեղ պետք է խորհել, վերլուծել, վերծանել իրականությունը, բայց երբեք-երբեք չկորցնել հավատը:

 

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 2-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Հեղինակն ասաց, որ բանաստեղծությունները, որոնք ներառվել ենք գրքում, գրվել են 2019-2021 թվականներին: «Գիրքը չի ներկայացնում պատերազմը, այլ մինչ պատերազմը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում եւ Արցախում: Բուն պատերազմական գործողություններ գրեթե չկան, սակայն կան պատասխաններ, թե ինչու սկսվեց այդ արհավիրքն ու ինչ հետեւանքներ ունեցավ»,- նշել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ գրքի առաջին բաժնում անհատն է, իսկ հետո՝ հայրենիքը:

Անդրադառնալով խորագրին՝ Պետրոսյանն ասաց՝ «Պատերազմի դուռը»  բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: «Բանաստեղծության մեջ նկարագրում եմ, թե ինչպես 1990-ականներին տատիկս բակում զոհվեց արկի պայթյունից: Այդ իրադարձությունից հետո ակնհայտ է դառնում ամբողջ ընտանիքի դժբախտությունը: Մարդիկ ստիպված դուռը բացեցին ու դուրս եկան տանից»,-պատմել է Վիտալի Պետրոսյանը, որը ստեղծագործում է դպրոցական տարիներից, սակայն լրջությամբ գրականությամբ է սկսել զբաղվել 20 տարեկանից:

Գիրքը լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ: Այն հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը:

Միության  Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ընդգծել է, որ իրենք եւ՛ մինչեւ պատերազմը, եւ՛ հետո համագործակցում են Արցախի շնորհալի երիտասարդների հետ, փորձում նրանց ճանաչելի դարձնել ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում եւ սփյուռքում: Միության նպատակը հայկական մշակույթի պահպանումն ու տարածումն է: Ավագյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ Արցախի գրասենյակը կազմակերպել է ստեղծագործական մրցույթ Արցախի երիտասարդ  ստեղծագործողներին բացահայտելու նպատակով, եւ այդ մրցույթին մասնացել է նաեւ Վիտալի Պետրոսյանը, որն այդ ժամանակ երկու գրքի հեղինակ էր:

 

 

 

ՌԵԺԻՍՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Կյանքի 82-րդ տարում մահացել է սիրված ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Այս մասին հայտնում է «Մոսֆիլմ»-ը: Ռեժիսորը կյանքից հեռացել է կորոնավիրուսի հետեւանքների պատճառով: «Մենք կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, որն իր հարազատ կինոստուդիային է նվիրել իր ամբողջ ստեղծագործական ներուժն ու տաղանդը, կորցրեցինք իսկապես ժողովրդական արտիստի, որի ֆիլմերը գիտեն եւ սիրում են միլիոնավոր մարդիկ»,- նշվում է հաղորդագրության տեքստում: Դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Վլադիմիր Մենշովը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 1981 թվականին նրա՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը «Օսկարի» է արժանացել՝ համարվելով «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

 

ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՆՇԵԼ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սոցցանցերում ցուցադրել է, թե ինչպես է նշել հաղթանակն արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում: «Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով լուսանկարներ: Հիշեցնենք, որ Goldmoney Asian Rapid մրցաշարի եզրափակիչի 2 խաղային օրերի արդյունքում Լեւոն Արոնյանն ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւից: Առաջին տեղ գրավելու համար նա կստանա 30 հազար դոլար պարգեւավճար: Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը թայ-բրեյքում պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցաշարի նախնական փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր եւ փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից: Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող WhoScored-ը ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ՝ 4 ներկայացուցիչ ունի Անգլիայի հավաքականը: Դարպասապահ՝ Յան Զոմեր (Շվեյցարիա, 8,5 միավոր): Պաշտպաններ՝ Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա, 8,1), Թոմաս Վերմալեն (Բելգիա, 7,9), Հարի Մագուայր (Անգլիա, 7,9), Լյուկ Շոու (Անգլիա, 8,2): Կիսապաշտպաններ՝ Թոմաս Դիլեյնի (Դանիա, 8,6), Շեդրան Շաքիրի (Շվեյցարիա, 8,2), Ջեյդոն Սանչո (Անգլիա, 7.5), Լորենցո Ինսինյե (Իտալիա, 8,4): Հարձակվողներ՝ Հարի Քեյն (Անգլիա, 9,3), Կասպեր Դոլբերգ (Դանիա, 7,6):




Լրահոս