Քննիչները ազատման դիմումներ են գրում. ինչ է կատարվում համակարգում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջեւ, եւ դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում եւ հայտնում, որ այլեւս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել:

Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջեւանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, եւ որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթեւ ու հանգիստ գործ:

Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որեւէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:

Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետեւաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս