Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են անցնում պարեկները։ Այդ կապակցությամբ հուլիսի 6-ին պարեկային ծառայության Երևանի գունդ էր այցելել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Ոստիկանության պետը նախ ծաղիկներ խոնարհեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Դիմելով պարեկներին՝ նա նշեց, որ ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է և հորդորեց արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին և այն ծառայակիցների անմար հիշատակին, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվեցին։
Ելույթից հետո Տեր Վրթանես քահանա Բաղումյանը օրհնության կարգ կատարեց։
Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացան պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցեցին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։
Նույն օրը ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելեցին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքին և նորամուծություններին։ Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։ Տեղադրվել են արագ արձագանքման նոր համակարգեր։