ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ՝ ՌՈՒՍՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։ Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում: «Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ», – ասաց նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին:

Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո:

Եվ, մեր տեղեկություններով, այսօր ոչ միայն այդ տարբերակն է քննարկվելու, այլեւ չի բացառվում՝ ստորագրվի փաստաթուղթ ՝ այդ դրույթներին համապատասխան։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով ՀՀ սահման է ներխուժել մայիսի 12-ից եւ մինչ օրս գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ թե որտեղ են տղակայվելու ռուսական ոժերը, ինչպես է գծվելու սահմանը, դեռ անհայտ է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը: Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են: Նշենք, որ հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու պահանջով, ու այդ հարցում եւս Փաշինյանը խորհրդակցում է Վահե Գրիգորյանի հետ, ներսից նրան ինֆորմացիաներ է հասցնում: Դա է բացահայտել է «Հայաստան» դաշինքը, ինչի համար պահանջ են դրել, որ իրենց բողոք-դիմումի քննությանը Վահե Գրիգորյանը չմասնակցի: Սակայն ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը, եւ հարցն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ է, ու հիմնավոր փաստեր չկան նրան արգելելու նիստին մասնակցել: Մենք արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:

 

 

 

Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջեւ, եւ դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում եւ հայտնում, որ այլեւս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել: Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջեւանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, եւ որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել:  Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթեւ ու հանգիստ գործ: Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որեւէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն: Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետեւաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը։

 

 

 

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14 հազար 337 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 548, 2019-ին 11 հազար 795 մարդ է մահացել, այսինքն՝ 2770-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մայիսին Covid-19-ից մահացել է 2141 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ վիրուսը նոր էր շրջանառվում՝ 118։ Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով։ Մյուս կողմից՝ Հայաստանում ծնվածների թիվն է ավելացել. այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 14 հազար 318, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 12 հազար 799, 2019-ին՝ 13 հազար 322, այսինքն՝ ծնվածների քանակն 1519-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 




Լրահոս