ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Մենք զրուցել ենք հայ ռազմագերիների վերադարձի, առաջիկա անելիքների, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության պառակտված, անգործ լինելու մասին:

 

-Պարո՛ն Բաբայան, արտաքին փոխհարաբերություններում ի՞նչ հարաբերություններ ունենք, ի՞նչ գործողություններ ենք իրականացնում գերիների վերադարձի հարցը կարգավորելու մասով: Նշվում է, որ միայն որոշ քարտեզների վերադարձի դեպքում է հնարավոր գերիների հայրենադարձումը: Այս պահին մենք ի՞նչ ենք անում այս ուղղությամբ:

-Որպեսզի քայլեր ձեռնարկենք, մենք պետք է ճանապարհը շատ լավ պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք: Բնական է, որ յուրաքանչյուր երկիր իր յուրահատկությունն ունի: Քայլեր ձեռնակելուց պետք է բազմաթիվ հարցեր հաշվի առնենք: Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հայատյացությունը միշտ եղել է կարեւոր գրավականը, դրա համար այդ երկիրը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերը: Գերինրին նա պարտավոր է վերադարձնել, առանց որեւէ նախապայմանի, բայց  սա Ադրբեջանն է: Այսինքն՝ նման պահվածքը միջազգային հարաբերություններում անցնում է չափը: Մենք պետք է իրատես լինենք: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գերիներին մենք կարողանանք օր առաջ վերադարձնել: Մեզ համար մեր յուրաքանչյուր հայրենակցի կյանքը  ամենամեծ արժեքն է: Արվում են տարբեր քայլեր:

-Պարո՛ն Բաբայան, միջազգային հանրությունը ինչո՞ւ է այս հարցով լռում: Համաձայնագրում մենք հատուկ կետ ունենք, որտեղ հստակ նշված է, որ ռազմագերիները պետք է հայրենադարձվեն: Ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում:

-Արձագանք կա, բայց այդ արձագանքը մնում է արձագանքի մակարդակով: Կան նաեւ կառույցներ, որոնք շատ են արձագանքում, կան կառույցներ, որոնք առհասարակ անտարբեր են: Բայց  սա է իրականությունը, եւ մենք պետք է իրատես լինենք, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը երբեմն ավելի մեծ է, քան իրավունքն ու բարոյական նորմերը: Մենք չպետք է դրանից մոռացության հանձնենք մեր հարցերը: Մեր քաղաքականությունը լինելու է ոչ արդյունավետ եւ իրականությունից հեռու հատկապես այս տարածաշրջանում գտնվող երկրի համար: Իհարկե, հիմնական շեշտը դրվում է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի միջորդության  վրա: Թեպես եղել է նաեւ ԱՄՆ-ի միջնորդությունը, բայց հիմնական գործողությունն, իհարկե, այս ոլորտում իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը: Թեպետ որոշ միջազգային կազմակերպություններ նույնպես մեծ գործունեություն են իրականացնում, այցելում են մեր գերիներին: Իհարկե, առանց Ռուսաստանի Դաշնության ներգրավման եւ միջամտության, գրեթե անհնարին կլինի այնտեղից դուրս բերել:

-Առաջիկայում ի՞նչ սպասել մեր ռազմագերիների հարցի մասով: Արյդոք մենք նորից ինչ-որ բան պե՞տք է տանք, որպեսզի ռազմագերիներ վերադառնան, օրինակ՝ քարտեզներ կամ այլ տարածքներ:

-Մենք պետք է աշխատենք, որպեսզի այդ մարդկանց կյանքը փրկենք, բայց նաեւ շատ կարեւոր է հաշվի առնել անվտանգության համարկարգը: Շատ բարդ հիմնախնդիր է, շատ ցավալի երկընտրանք է: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք վերադառնանք, բայց նաեւ անվտանգային համակարգ ստեղծենք, թույլ չտանք, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հակառակորդը գաղթակղվի եւ նորից ինչ-որ բաներ ուզի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀԱՑՆ ՈՒ ՁԵԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտարարում է, որ սննդամթերքի գները նվազել են 2.4 տոկոսով, բայց, չնայած սրան, քաղաքացիները սպառողական շուկայում գների նվազում չեն նկատում:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում հունիսին, մայիսի համեմատ, 2.3 տոկոս գնանկում է արձանագրվել: Ձվի գինը այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 41.4 տոկոսով, իսկ մայիսի համեմատ՝ այդ շուկայում գրանցվել է 8.1 տոկոս գնանկում: Շաքարավազի շուկայում եւս գնի իջեցում է արձանագրվել 1 տոկոսի չափով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձկան եւ ծովամթերքի շուկայում գնաճ է գրանցվել: Օրինակ, «Իշխան»  ձկնատեսակի միջին գնաճը հունիսին, մայիսի համեմատ, կազմել է 4.8 տոկոս: Ձկնամթերքի գների բարձրացման պատճառ ձկնաբույծները նշում են կերի թանկացումը: Թանկացել է նաեւ միսը: Օրինակ՝ մսամթերքի շուկայում գրանցված գնաճը կազմել է 1.2 տոկոս: Խոզի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 6 տոկոսով, բայց այս տարվա հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, աճել է 25 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արեւածաղկի ձեթի գինը մեկ ամսվա ընթացքում 1 տոկոսով է թանկացել, բայց մեկ տարվա ընթացքում ձեթի գինը բարձրացել է 87.3 տոկոսով: Յուղերն ու ճարպերը մեկ տարվա ընթացքում թանկացել են 36.5 տոկոսով, իսկ հունիսին, մայիսի համեմատ, այս շուկայում գրանցվել է 1.1 տոկոս գնաճ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը եւս թանկացել են. ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի շուկայում այս տարվա հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, արձանագրվել է 8.8, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.4 տոկոս գնաճ: Բացի այս, Հայաստանում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2 տոկոս գնաճ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔՊ-Ի ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԾՆԵՐՆ ԱՆՊԱՏԻԺ ԵՆ

Մինչ ուժային կառույցները հայտնում են նոր բացահայտումների մասին, որով, իբր թե, անձինք աշխատել են ընդդիմադիր ուժերի համար, անպատիժ են մնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար աշխատած անձինք:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն: Հաղորդագրության համաձայն՝ նա սոցիալական եւ առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո տրամադրված գումարը հիշյալ ընտրողին եւ նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին եւ կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Եվ սա միակ այսպիսի դեպքը չէ, ավելին՝ ընդդիմադիր համայնքապետերի կամ այլ անձանց նկատմամբ հետապնդումները շարունակվելու են: Սակայն, դրան զուգահեռ, անպատիժ են մնում այն անձինք, որոնք ծառայություններ են մատուցել իշխող ուժին, իսկ այդպիսի դեպքերը քիչ չեն, եւ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ է ունեցել նաեւ ArmLur.am-ը:

Մասնավորապես, հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, գրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք վարչական շրջանում գտնվող թիվ 20/50 ընտրատեղամասում ArmLur.am-ի թղթակիցը զանգվածային խախտումներ է արձանագրել։ Այս ընտրատեղամասում քվեարկում է բանակային Գեղարքունիքի կորպուսի զինվորների, զինծառայողների մի մասը, որոնք ուղղորդված ընտրում են իշխանությանը՝ ՔՊ-ին։ ArmLur.am-ն արձանագրել էր, որ հրամանատար Գեւորգ Պետրոսյանը ակնհայտորեն ուղղորդում է զինվորներին, դուրս չի գալիս ընտրատեղամասից:

Մեկ այլ դրվագ եւս. ՔՊ Մեծ Մասրիկի պատասխանատուն ընտրատեղամասի դիմաց ակտիվորեն շփվում էր զինվորների հետ։ Երբ նրան հարցրեցինք, թե ինչ է պատահել, նա պատճառաբանեց, թե հացուջուր է բերել։ Նկատենք, որ այս դեպքը տեղի է ունեցել Սոթքում։

Իհարկե, այլ ուղղորդման դեպքեր, խախտումներ եւս եղել են, սակայն այս ամենի փոխարեն քննություն է իրականացվում միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են ընդդիմադիր ուժերին:

 

 

 




Լրահոս