Առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 42 միլիոն դրամ գումար պետական միջոցներից՝ գործուղման ծախսերի հատուցման անվան տակ։ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) այս տարվա փետրվար-հունիս ամիսներին ուսումնասիրություն է իրականացրել Դատական դեպարտամենտում եւ պարզել, որ 2016-2018 թվականներին դեպարտամենտի ղեկավարի հրամանով մի քանի աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են տարբեր մարզեր, բայց գիշերակացը հավաստող փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ. այս մասին հայտնել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը։ «Այդ ՀԴՄ կտրոնների վրա նշագրված էր արդեն իսկ արտոնագրային հարկ վճարող որպես տնտեսավարող սուբյեկտ: Ինչպես գիտենք, այդ թվականների օրենսդրությամբ՝ նշված հյուրանոցային ծառայություններ մատուցողները չէին կարող հարկվել արտոնագրային դաշտում, իրենք պետք է լինեին ընդհանուր հարկման դաշտում»,- ասել է Եղոյանը:
Արտոնագրային հարկման դաշտում կարող են լինել հանրային սննդի ծառայություն մատուցողները։ Ստացվում է, որ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ: Բացի այդ, համաձայն ներկայացված ՀԴՄ կտրոնների, բոլորը գիշերել են հյուրանոցի առավելագույն արժեք ունեցող համարներում այն պարագայում, երբ նշված անձինք գործուղման մեջ չեն էլ եղել։
«Երբ ուսումնասիրող խմբի ղեկավարի կողմից կայացվեց որոշում, որ մուտք ու ելքը ֆիքսող սարքերով կարող ենք ավելի կոնկրետ տեղեկություն ստանալ, պահանջվեց Դատական դեպարտամենտի կողմից մուտք ու ելքը ֆիքսող սարքը, իրենց հիմնական աշխատանքի վայրից՝ Դատական դեպարտամենտից, եւ տրամադրվելուց հետո այդ տեղեկությունները վերլուծվեց, ուսումնասիրվեց, պարզվեց, որ այդ անձինք փաստացի գտնվել են իրենց հիմնական աշխատանքի վայրում, բայց միեւնույն ժամանակ գտնվել են իբր գործուղման մեջ», – նշել է ՊՎԾ ղեկավարի տեղակալը:
Ուսումնասիրության արդյունքում նաեւ այլ խախտումներ են հայտնաբերվել՝ կապված գնման գործընթացների հետ, սակայն մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: Իսկ քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, Դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դեպարտամենտի իրավասու պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առիթով։
Դատական դեպարտամենտը 2014 թվականից ղեկավարում է Կարեն Փոլադյանը, որը հայտնել է, որ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները 2021 թվականի հունիսի 21-ին ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդին: Ըստ նրա՝ տեղեկանքի վերաբերյալ կարծիքի կազմումը գտնվում է մշակման փուլում եւ ավարտելուն պես կներկայացվի ծառայությանը: Խախտումների արձանագրման ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդը դեռեւս չէր ձեւավորվել, եւ Դատական դեպարտամենտը գործում էր Վճռաբեկ դատարանի կազմում, իսկ այդ տարիներին Վճռաբեկի նախագահը Արման Մկրտումյանն էր, որն այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել հենց 2018-ի հեղափոխությունից հետո։
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ
Տավուշի նախկին մարզպետ, 2021թ.ապրիլի 2-ից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը որպես մարզպետ պաշտոնավարման ժամանակ աչքի էր ընկնում ֆանտաստիկ, անիրականալի խոստումներով: Որպես մարզպետ 100 օր պաշտոնավարման առիթով 2019թ. մայիսի 17-ին՝ Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում մամուլի ասուլիսի ժամանակ, Հ. Չոբանյանը խոստացավ առաջիկա 5 տարում 5 հազար հայ ընտանիքի արտերկրից Տավուշի մարզի վերաբնակեցնել։
Հետագայում նա մասնավորեցրեց, որ խոսքը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից վերաբնակեցման մասին է, ուր մի հայաբնակ գյուղի բնակիչները իբր ցանկություն էին հայտնել Տավուշում վերաբնակվելու։ Հետո այդ կապակցությամբ Տավուշի մարզպետարանը հրապարակեց մեր հայրենակիցների վերաբնակեցման «Վերադարձ» ծրագրի մասին։ Սակայն արտերկրից հայ ընտանիքների սահմանամերձ Տավուշի մարզ վերաբնակեցում չեղավ, Տավուշի մարզից արտագաղթը արտերկիր, հիմնականում՝ Ռուսաստան, շարունակվում է։ 2019թ. մայիսի 17-ին կայացած նույն ասուլիսի ժամանակ Հայկ Չոբանյանը խոստացավ, որ առաջիկա 2 տարում, այսինքն՝ 2019-2021 թվականներին, Տավուշի մարզում չօգտագործվող գյուղատնտեսական հողեր չեն լինելու։ Հ. Չոբանյանը այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, Տավուշի մարզի վերաբերյալ նրա խոստումները ո՞վ է իրականացնելու։ Ծննդով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից նախարար Հայկ Չոբանյանը շարունակում է Տավուշի մարզի վերաբերյալ անիրատեսական խոստումներ տալ։
Հունիսի 18-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից երկու օր առաջ, նա «Ֆեյսբուք»-ում ուղերձով դիմել է Տավուշի մարզի բնակիչներին, ուր անդրադարձել է մարզում կատարված գործերին, նաեւ խոստում է տվել. «Այս տարի սկսվել է շուրջ 9000 հա ընդհանուր մակերեսով ոռոգման ծրագիր, որը կրկնակի ավելի է, քան Տավուշի մարզում ոռոգվող ընդհանուր մակերեսը»: Ներկայումս Տավուշի մարզի ոռոգելի տարածքները կազմում են 4500 հեկտար, թե 9 հազար հեկտարը ի՞նչ ժամկետում, ջրային ի՞նչ աղբյուրներից, ինքնահո՞ս, թե՞ պոմպերի միջոցով, ո՞ւմ ֆինանսավորմամբ է ոռոգելի դառնալու, Հայկ Չոբանյանը հարկ չի համարել մանրամասնելու։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ավանդական ոռոգումն ապագա չունի, այն պետք է փոխարինել կաթիլային ոռոգմամբ։ Տավուշում 9 հազար հեկտար հողատարածքները կաթիլային եղանակո՞վ են ոռոգելի դառնալու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է
Մասիվցի Անդիկ մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է։ Այս դատավճիռը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Որպես արդարացման հիմք հանդիսացել է գործում հանցակազմի բացակայությունը։ Արմեն Ղարիբյանն ի սկզբանե առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Մեկ տարի տեւած դատավարության ընթացքում Ղարիբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հիշեցնենք, որ աղմահարույց սպանությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ՝ հուլիսի 2-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքի բակում։ Նրա դիակի վրա առկա էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարելու համար մեղադրվում է Սուլեյման Այուբովի Միիեւին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ըստ իրավապահների՝ նա Հայաստան էր ժամանել դեպքից 8 օր առաջ, իսկ հաջորդ օրը մեկնել է երկրից։
ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԻՑ
Ադրբեջանի իշխանություններն անում են ամեն ինչ՝ օրինականացնելու համար հայ գերիների դատավարությունները։ Այս մասին Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վերաբերյալ քննարկումների ընթացքում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մենք պետք է զգույշ լինենք՝ նրանց նման հնարավորություն չտալու համար»,- ասել է Թաթոյանը։ Օմբուդսմենն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ Ադրբեջանին հայ գերիների հարցը շաղկապել այլ հարցերի հետ, թեկուզեւ հումանիտար։ «Ադրբեջանի իշխանությունները գերիներին դարձնում են քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ վերնագրերով տարածում են տեղեկություններ «դատերից»։ Մոնիթորինգների արդյունքները ցույց են տալիս, որ դա ադրբեջանական հասարակությունում առաջ է բերում ատելության ալիք»,- նշել է Թաթոյանը։ Միաժամանակ նա կոչ է արել ավելի զգույշ լինել այս նուրբ հարցի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ու կարծիք տարածելիս։ Նշենք, որ Ադրբեջանում ավարտվել է երկու հայի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը։ Դավիթ Տիգրանի Դավթյանը եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի Քր. Օր. 276 հոդվածով (լրտեսություն): Նախնական հետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Քրեական գործը հանձնվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթին։ Գործով նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին։