ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության չափի վրա, ըստ հայաստանյան փորձագետների, էական ազդեցություն են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

 

«Հետընտրական պրոցեսների եւ հատկապես Եվրամիության կողմից հնչող հայտարարությունների վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ միջազգային դիտորդների գնահատականները ընտրությունների մասով իրենց ազդեցությունն ունեցել են նման փաթեթի մեծ ծավալի տրամադրման վրա: Սա թերեւս կարեւոր գործոն է եղել», – ասել է Եվրամիության հարցերով փորձագետ Իզաբել Շատոյանը: «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ ԵՄ-ն ավելի քան մեկուկես միլիարդ եվրոն առաջին հերթին ժողովրդավարության խրախուսման համար է տրամադրում, ասում է՝ Հայաստանն այս ընտրություններով էլ ապացուցեց՝ ժողովրդավար երկիր է: Նախորդ անգամ՝ 2017-ին, Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ն Հայաստանին 160 միլիոն եվրո աջակցություն էր տրամադրել։

Արեւմուտքը կարեւորում է նաեւ 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրների լուծումը։ Փորձագետը շեշտում է՝ տրամադրվող գումարի զգալի մասը եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ուղղել պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքին. ԵՄ-ն 80 միլիոն եվրոյի աջակցություն է նախատեսում։

«Հետաքրքիր բառ է օգտագործվում՝ դիմադրողականությունը ամրապնդելու համար Սյունիքում, ո՞ւմ են դիմադրելու. բանականաբար, այնտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի վտանգն է: Որ շատ կարեւոր է Հյուսիս-հարավ ճանապարհի կրճատման եւ թունելի կառուցման, գիտեք, որ խնդիր ունենք Քաջարանից Սիսիան ավելի կարճ ու ավելի անվտանգ ճանապարհը՝ ոչ Շուռնուխով անցնող, այլ այդ հատվածը շրջանցող ճանապարհը ամրապնդելու.. պետք է վերակառուցվի, թունելներ պետք է կառուցվեն, բարեկարգվի, դա մեծ գումար է պահանջում. Եվրամիությունը տալիս է 600 միլիոն դոլար միայն այդ հատվածի համար», – ներկայացրել է Հովսեփ Խուրշուդյանը:

Այս աջակցությամբ Եվրամիությունը փորձում է առաջին հերթին տարածաշրջանում ամրացնել իր թուլացած դիրքերը. կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Երկրորդ պատճառն, իհարկե, Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն են, որոնք, ըստ երեւույթի, եվրոպական քաղաքական վերնախավի համար ընկալվում են որպես բարենպաստ քաղաքական միջավայր Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար», – նշել է նա:

Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին ավելի շատ աջակցություն տրամադրել, քան հարեւան Վրաստանին ու Ադրբեջանին միասին։ Արեւելյան գործընկերության անդամ 5 երկրներին՝ Ուկրաինային, Մոլդովային, Ադրբեջանին, Վրաստանին ու Հայաստանին, ԵՄ-ն 8,7 միլիարդ դոլար է տրամադրելու։ «Ամենաշատը թերեւս ստացել է Ուկրաինան՝ 2,3 միլիարդ դոլար, հետո 1,94 միլիարդ դոլար՝ Մոլդովան, նոր Հայաստանը՝ 1,9 միլիարդ դոլար կամ, ինչպես ավելի շատ տարածված է, 1,5 միլիարդ եվրո: Մյուս երկրները՝ Ադրբեջանն ամենաքիչն է ստացել՝ 166 միլիոն դոլար, իսկ Վրաստանը՝ 4 միլիարդ դոլար», – ներկայացրել է Եվրամիության հարցերով փորձագետը:

Առաջիկա 5 տարիներին 1,5 միլիարդ եվրոյով Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում ծրագրում է հինգ առանցքային ոլորտում փոփոխություններ իրականացնել. աջակցել 30 հազար մանր ու միջին բիզնեսների կայուն, նորարար եւ մրցունակ տնտեսության համար, խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը եւ հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-հարավ միջանցքին, ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը, ներդրումներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, կանաչ Երեւանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման եւ բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

 

 

 

55 ԴԵՊՔ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 55-ով՝ հասնելով 225 հազար 661-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 3 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 52-ով եւ հասել 217 հազար 250-ի: Իրականացվել է 3 հազար 655 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 209 հազար 287-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4 հազար 530-ի, եւս 1101 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 780 մարդ։

 

 

ԿԱՇԱՌՔ Է ՏՎԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ ստանալու հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի եւ դրա համաձայնագրերի հիման վրա պատասխանատու լինելով մշակել 2021 թվականին ԲՈՒՀ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, մասնակցել միասնական քննությունների հիմնական եւ լրացուցիչ փուլերի կազմակերպմանն ու անցկացմանը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն, այն է՝ «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու եւ արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչեւ քննության օրը ստանալու վերաբերյալ:

Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը՝ Լ.Ա-ն 2021 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երեւան քաղաքում գտնվող գրասենյակ եւ անձամբ ստացել 3.000 ԱՄՆ դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը: Կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաեւ կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են:

Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված եւ կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:

 

 




Լրահոս