ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգայուն հարցեր ու փոխադարձ շնորհակալություններ Փաշինյան-Պուտին հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ ակնարկել է, որ  կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, և դրանք լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, եւ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ունի այդ վստահությունը:

Նկատենք՝ Պուտինը Փաշինյանին ընդունել է երեկոյան ժամը 7-ին: Մինչ այդ Ռուսաստանի նախագահը մասնակցել էր երկրի կառավարության անդամների հետ օնլայն քննարկմանը:

Ընդ որում, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր արտերկիր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մոսկովյան օրակարգում միայն հանդիպումն էր Ռուսաստանի նախագահի հետ. այլ հանդիպումներ նա չի ունեցել: Իսկ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինը բարձրաձայնել է հայկական կողմի համար հրատապ մի շարք հարցեր, մասնավորապես՝ սահմանային բարդ իրավիճակը, գերիների վերադարձի հարցը:

Ի դեպ, օրերս 15 հայ գերիների վերադարձի համար, որի դիմաց, հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին էր հանձնել ականապատված տարածքներից ևս երկուսի քարտեզները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին: Իհարկե սա հանդիպման բաց մասն է, որը հասանելի էր հանրությանը, սակայն թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարներն առանձին, գոնե այս պահին տեղեկություն առկա չէ:

Վերլուծաբանները հանդիպման նախօրեին գրում էին՝ հիմնական հարցերը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», հայ-ադրբեջանական համերաշխության պայմանագրի և հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցերն են: Թե արդյոք եկել են երեկ համաձայնության Պուտինն ու Փաշինյանը, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Բաքուն և Անկարան ակտիվացրել են քննարկումները ռուսական կողմի հետ Հայաստանի համար զգայուն այս հարցերի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս