Վաղը հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանը քննելու է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանություներն էլ իրենց հերթին որոշել են ՍԴ ուղարկել այնպիսի անձինք, ովքեր կկարողանան իրենց պաշտպանել: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՍԴ-ում իրենց պետք է «պաշտպանի» ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Վերջինիս հետ ՍԴ կգնա նաեւ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, որպեսզի «թիկունք« լինի Բադասյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները բարձր դատարանում վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ««Հայաստան« և Պատիվ ունեմ» դաշինքները, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ ՍԴ-ն էլ իր հերթին որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննել դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ` դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան