ՈՐԴԻՆ՝ ՓՈԽԹԱՂԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ` պարզելու համար, թե ինչպես է ստացվել, որ նրա որդին` Հովսեփ Աղազարյանը, նշանակվելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Պատգամավորն ասաց, որ ինքը տեղյակ էլ չի եղել, թե ով է նրան առաջարկել, բայց կարծում է, որ որդին արժանի է այդ պաշտոնին:

 

-Պարո՛ն Աղազարյան, Ձեր որդին նշանակվելու է փոխթաղապետ, ու հիմա քննարկվում է, թե ինչպես ստացվեց, որ պատգամավորի որդին նման պաշտոն է զբաղեցնելու: Դուք որեւէ կապ ունե՞ք, որեւէ ձեւ միջնորդե՞լ եք:

-Դեռ նշանակումը չի եղել, առաջարկը ստացել է իմ որդին՝ Հովսեփը: Ինքը 2018 թվականից թիմի անդամ է, ակտիվ անդամ, եւ հետեւաբար սա իր պատրաստվածության, ինչ-որ իմաստով նաեւ էն հանգամանքով է պայմանավորված, որ աշխատել է այդ թաղապետարանում: Աջափնյակի թաղապետարանում ինքն աշխատում էր իրավաբանական բաժնում, թաղապետը փոխվել է, միգուցե այս հանգամանքները կապ ունեն:

-Այսինքն՝ Ձեր գործոնը կապ չունի՞, եւ Դուք չե՞ք միջնորդել:

-Դե, գիտեք ինչ, եթե անգամ կա, ապա շատ չնչին: Գիտեք՝ ինչու եմ ասում՝  չնչին, քանի որ նա արդեն թիմի անդամ էր, կայացած է, աշխատում էր եւ ինչ-որ իմաստով դրսեւորված: Ես չգիտեմ՝ ով է առաջարկել նրա թեկնածությունը:  Ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, բայց եթե չեմ սխալվում, նրա նշանակումը հենց նորանշանակ թաղապետի առաջարկությունն է եղել: Թաղապետը եւս ՔՊ կուսակցության անդամ է եւ շատ լավ է ճանաչում որդուս՝ Հովսեփին:

-Պարո՛ն Աղազարյան, իսկ ճի՞շտ եք համարում այս նշանակումը, քանի որ Ձեր իշխանությունը մշտապես քննադատել է «ծանոթ-բարեկամ-հարազատ» սկզբունքով նշանակումը եւ ասել է, որ պետական պաշտոնյաները չպետք է այդպիսի կապեր ունենան:

-Յուրաքանչյուր մասնակից, անկախ իր մասնակցության չափից, պատասխանատու է այդ ամեն ինչի համար: Իմ տղան  պատասխանատու է եւ պետք է այնպես աշխատի, որ վաղը չէ մյուս օրը լրագրողները , քաղաքացիները միայն կարողանան դրականը նկատել: Ես ինչ-որ առումով պատասխանատու եմ, որ եթե ես կարծեի՝ իմ տղան չի կարող աշխատել, ապա պետք է խնդրեի, որ նա ձեռնպահ մնար նման առաջարկ ընդունելուց: Եվ նաեւ թաղապետը, հաշվի առնելով, որ Աղազարյան Հովիկի տղան է, կլինի խոշորացույցի տակ այնտեղ: Այս բոլոր հանգամանքները հաշվի են առնվել, եւ այս գործոնները պետք է բերեն, հանգեցնեն նրան, որ ինքն ավելի լավ աշխատի: Բայց եթե նման բան չլինի, եւ բոլորդ նկատեք դա, ապա դա բացասական ազդեցություն կունենա մեր թիմի հեղինակության վրա: Բայց ուզում եմ մեկ բան հասկանամ. եթե պատգամավորի տղա է, ուրեմն չպե՞տք է աշխատի: Ես դեմ եմ այս մոտեցմանը: Պետք է աշխատանքով ամեն ինչ ապացուցել եւ հասկանալ՝ արդարացված էր որոշումը, թե ոչ:

-Այսինքն՝ Դուք կարծում եք՝ Ձեր որդին արժանի էր նշանակմանը եւ կկարողանա՞ աշխատել:

-Ես կարող եմ միանշանակ ասել՝ այո, ինքը կարող է, եւ կներեք անհամեստության համար, բայց նա կարող է հավակնել ավելի բարձր պաշտոնների: Նա սովորում է Կառավարման ակադեմիայում, ունի իրավաբանական կրթություն: Ես երեք տղա ունեմ եւ յուրաքանչյուրի հնարավորությունները շատ լավ եմ գնահատել ու գնահատում ու վստահ եմ, որ ինքը կկարողանա արդարացնել: Իհարկե, նուրբ թեմա է, քանի որ պատգամավորի որդի է, բայց պետք է ժամանակ անցնի, եւ այն մարդիկ, որ կապ ունեն այս ամենի հետ, իրենց վատ չզգան, եւ իմ որդին իր աշխատանքով դա կապացուցի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է Մեղրիի զորամասի նոր հրամանատարը: Վերջինս Խաղաղապահ զորքերի շտաբի պետ Խաչիկ Հովհաննիսյանն է: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադեւոսյանի նկատմամբ ծառայողական քննությունը եւս ավարտվել է, եւ նա վերադարձել է զորամաս ու կատարում է հրամանատարի գործառույթները: Հիշեցնենք, որ ՊՆ-ն Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հրամանատարներին ազատել են ծառայությունից Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։ Արգամ Գեւորգյանն ասաց, որ, սեփական զեկուցագրի համաձայն, զորացրվել է։ Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

 

 

ՄԱԿԱԳՐՎԵԼ Է ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: Ինչպես հայտնի է, Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Արմեն Չարչյանը կալանավորված է:

 

ԲԱՍՏՈՒՐՄԱ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

1 կգ բաստուրմա հափշտակելու համար քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2019թ. օգոստոսից մինչեւ 2020 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մտել է Երեւան քաղաքի Տ. Մեծի պողոտայի 16 հասցեում գործող սուպերմարկետներից մեկը, որտեղ օգտվելով աշխատակիցների անուշադիր լինելու հանգամանքից՝ գաղտնի հափշտակել է մեկ հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ 1 կգ քաշով բաստուրմա: Վերջինս սպասվում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում:

 

 

 

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Նիդերլանդների կառավարությունը Ադրբեջանին հստակ կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտարարել է  Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը։

 

Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ էր ընդունել՝ պահանջելով հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների եւ այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը, որ Ժնեւյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին եւ Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, եւ որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին եւ պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։ Խորհրդարանը, արձանագրելով, որ Ադրբեջանը դեռեւս չի ազատել բոլոր հայ գերիներին, կոչ էր արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա անմիջապես բոլոր հայ գերիներին եւ ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար։

«Նիդերլանդները փոքր երկիր է, եւ այդ առումով մենք փորձում ենք ողջ ներուժը, մեր ջանքերը ուղղենք հիմնականում դեպի Եվրամիություն՝ առավել արդյունավետ լինելու համար։ Կարծում ենք, որ շատ կարեւոր է, որ այստեղ Մինսկի խումբը առաջատար լինի եւ ստանա հնարավորինս շատ երկրների աջակցությունը», -ասել է դեսպանը։ Նիկոլաս Սխերմերսը, որը Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում, ասել է՝ քաջատեղյակ է սահմանային լարվածությունից եւ ընթացիկ իրավիճակից։

«Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պետք է անդրադառնամ այն փաստին, որ Նիդերլանդների համար այս պատերազմը սկսվել է 30 տարի առաջ, որովհետեւ երկրների տարածքային ամբողջականության խնդրի հետ էինք մենք բախվում։ Պետք է ասեմ, որ Նիդերլանդները փոքր դերակատարում ունեն այս հարցում, այդ պատճառով մեր բոլոր ջանքերն անցնում են Եվրամիության եւ Մինսկի խմբի միջոցով։ Մենք հուսով ենք՝ խնդրի լուծումը շատ շուտով կգտնվի», – ընդգծել է Սխերմերսը։

 




Լրահոս