Դեռ մայիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում: «Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ»,- նշել էր նա նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին: Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո:
Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, ինչից հետո ճշգրտումներ կարվեն. երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց մարզպետ Գնել Սանոսյանը: «Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերները՝ զինվորականները, նրանց մի մասն արդեն մարզում են, եւ որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, հայ եւ արդբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն», – ասաց Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ բանակցությունները եռակողմ են՝ Հայաստան -Ռուսաստան – Ադրբեջան ձեւաչափով: Թե ռուս սահմանապահներ երբ կտեղակայվեն սահմանի երկայնքով, մարզպետը հստակ ժամկետներ չի նշում, բայց ասում է՝ օրերի հարց է։ Մարզպետը դեռ տեղյակ չէ՝ ռուս սահմանապահները ժամանակավոր են տեղակայվում, թե ոչ։
Իսկ, ահա, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը հայտնել է. «Պիտի գան, իրենց բազան դնեն, տեղակայվեն: 15 օր առաջ եկել են, տարածքը ուսումասիրել են, կարծես բերելու են նաեւ իրենց շարժական տնակները, բայց դեռ գյուղ չեն հասել, մենք չենք տեսել, այդ ո՞վ է տեսել»,- մանրամասնեց նա:
Սիմա Չիտյանի խոսքով՝ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցնում, զինվորականներին առնչվող գործ է, բայց կարծում են, որ ռուս սահմանապահների տեղակայումը կարող է որոշակի առումով լարվածությունը թոթափել:
«Կգան, կտեսնենք՝ ինչ կլինի: Միգուցե, որ ռուս սահմանապահը գա, թեկուզ կիլոմետրով ադրբեջանցիներին մեր տարածքից հեռացնեն, կանգնեն, դա մեր օգտին կլինի, մեզ համար լավ կլինի»,-ասաց նա:
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են. երեկ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետը ձեռնպահ մնաց մանրամասնել, թե այս պահին ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկից հետո. «Ինչպես գիտեք, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, եւ, որ շատ կարեւոր է, տեղի բնակչությունն իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում: Այո, ներկայացվածությունը ընդլայնելու քննարկումները ընթանում են: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման եւ այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով»։
Արմավիրում «Ռուսական կենտրոնի» բացմանը մասնակցող դեսպանը անդրադարձավ նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, ասաց, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն։
«Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության եւ խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է։ Դրա ապացույցը այն քայլերն են, որոնք մեր կողմից իրականացվում են։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն հնչել է ի սկզբանե` փոխանակում «բոլորը բոլորի դիմաց»։ Կփորձեմ լուծել այդ հարցը այնպես, ինչպես դա հնարավոր է», – ասաց Կոպիրկինը։
Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձավ եւս 15 հայ գերի։ Նրանք գերեվարվել էին 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի Խծաբերդ գյուղից։ Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103 է։
Ն.Հ.
ԿՈՉԵՐԻ ՀԱՄԱՐ
44-օրյա պատերազմից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում եւ տարբեր կոչերով հանդես գալիս: Արդյունքում Սարգիս Կարապետյանը 2020թ. դեկտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է արել՝ մասնավորապես՝ բարձրախոսով հայտնելով՝ «…գնալ զինված հեղաշրջման» եւ այլն, ինչի արդյունքում հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՎԵԼ
ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել եւ չեն ստացել պետական հաշվառում։ Այս ֆիզիկական անձանց մոտ ներմուծված տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, սակայն փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քաղաքացի Հ.Հ.-ն իր եւ 4 այլ անձանց անունով կազմակերպել է հիշյալ 11 տրանսպորտային միջոցի ներմուծումը ՀՀ տարածք եւ այդ ավտոմեքենաներն առանց մաքսազերծման ու պետական հաշվառում ստանալու մասնատվել են ու մաս-մաս վաճառվել։
Ավտոմեքենաները սահմանված կարգով չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ 85,388,119 ՀՀ դրամ մաքսային վճարներ։ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից մեկի գործունեության վայրում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում մասնատված վիճակում հայտնաբերվել է Հ.Հ.-ի անունով 2020թ. նոյեմբեր ամսին ներմուծված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան։ Հատկանշական է, որ հիշյալ ավտոմեքենայի նույնականացման համարները վնասված են եղել, բացի մեկից, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նույնականացնել ավտոմեքենան։ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից հանցագործության առարկա հանդիսացող հիշյալ տրանսպորտային միջոցն առգրավվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգեւատրվել է Արիության մեդալով։ Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին, ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։
ՊԱՏՐԱՍՏ Է ԴԱՏՎԵԼՈՒ
«Իշխանությունը գիտի, որ Սյունիքի միջանցքներին աշխատանքներին մենք խոչընդոտելու ենք, չենք թողելու նման բան տեղի ունենա, դրա համար ցանկանում է մեզ ձերբակալել եւ հարցին հեշտ լուծում տալ»,- Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատական նիստից առաջ ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ «Ես պատրաստ եմ դատվելու, միայն թե մեր ժողովրդին ամեն օր չտանեն վախեցնեն: Եթե պետք է դատեն, թող դատեն, միայն թե տարեց մարդկանց, գյուղապետներներին եւ մեր աշխատակիցներին հանգիստ թողնեն, առանց այն էլ մարդիկ արտագաղթում են աշխատանք չունենալու, այս մթնոլորտի պատճառով։ Մեր բոլոր վարչական ղեկավարներին կանչում են։ Տեղեկություն ունեմ, որ երեկ Որոտան գյուղի ամբողջ ազգաբնակչությանը տարել են ոստիկանություն նույն խնդրով»,- նշել է նա։
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության եւ ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Այս մասին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: «Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչեւէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, եւ աշխատանքն այս ուղղությամբ անկասկած շարունակվելու է»,-մեկնաբանել է Սերգեյ Կոպիրկինը: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, եւս 15 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան: