ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ քրեական գործերից մեկով «պրոմխ» տված դատարանի նախագահը հետ վերադարձավ իր աթոռին: Ինչպես հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում են տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող եւ անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որեւէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաեւ դատավոր Սեւակ Համբարձումյանի եւ Տիգրան Սահակյանի թեկնածությունները, որոնք բավականին մոտ հարաբերություններ ունեն ՀՀ նախկին զինդատախազ, այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

 

Ինչեւէ, արդյունքում Տիգրան Սահակյանը ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ստացվում է՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհագիրյանը համակարգը ամրապնդում է իրեն ենթարկվող դատավորներով հետագայում դատական համակարգից ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ հիմա եւս մեկ կարեւոր ուշագրավ հանգամանքի մասին. նոընտիր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը 2008 թվականից մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից: Այսպիսով, 2016 թվականին մամուլը ողողվեց երկու դատավորների շուրջ առաջացած սկանդալային պատմությամբ: Մասնավորապես, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնը իջեցրել էին՝ նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել էր, իսկ  պատճառը մի քրեական գործով, ինչպես մամուլն էր գրել, «պրոմըխն» էր: Ըստ տեղեկությունների՝ ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։

Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի, գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում դատավորի կարգավիճակով։

«Թե որ գործով եւ ինչ վրիպում էին թույլ տվել, հայտնի չդարձավ, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է՝ այդ վրիպումի մասով արտահոսքը կազմակերպել է ու ղեկավարներին հայտնել է դատավորներից մեկը: Սամվել Ուզունյանին ՀՔԾ կաշառքի գործով երկու տարի է՝ փնտրում են, իսկ, ահա, տարիներ առաջ «պրոմխ» տված Սահակյանի համար արշալույսները խաղաղ են, ու նա վերադարձավ իր նախագահի աթոռին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒ ՎՐԱ

2021թ. հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակ, հարվածել իրեն, փորձել է խեղդել, որի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, հարուցվել է քրեական գործ: Տարեց կինը ??ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի եւ կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամանրաթելային, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ. իրեղեն ապացույցների մի մասը հայտնաբերվել է: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վաղաշեն համայնքի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ, սպարտային գլխարկ եւ բժշկական դիմակ։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են խարդախության եւ փողերի լվացման  դեպքերի մի շարք հանգամանքներ: 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» եւ «Վարկեր Սեւ Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ եւ «Messenger» հավելվածով նամակագրության եւ հեռախոսազանգերի միջոցով  շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու եւ շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել եւ «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաեւ 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 8.222.200 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

 

Գետափ գյուղի 35-ամյա բնակիչը, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ իր հոր առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ հոր մահն առաջացնելու կապակցությամբ նրա 43-ամյա եղբոր հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2021թ. ապրիլի 5-ին՝ հոր մահվան քառասունքի ծիսական արարողության օրը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է վրեժխնդիր լինել: Այդ նպատակով նա նույն քաղաքում գործող առեւտրի սրահից գնել է գաղտնի փականով ծալովի դանակ, որից հետո նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր վարած «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Երեւանյան խճուղում գործող, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչին պատկանող եւ նրա եղբոր կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետ: Հանդիպելով վերջինիս՝ իր հոր մահվան կապակցությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար պահանջել է առանձնանալ: 43-ամյա տղամարդն առաջարկել է զրուցել ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող սենյակում, որտեղ վերջիններիս միջեւ զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 35-ամյա տղամարդը Եղեգնաձոր քաղաքի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հրել եւ գցել է նրան սենյակում գտնվող բազկաթոռի վրա եւ իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսականորեն կարեւոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 35-ամյա տղամարդու եղբայրը եւ հորեղբոր որդին, որոնք հեռախոսազանգով տեղեկացվել եւ ժամանել էին ավտոտեխսպասարկման կետ, միջամտել են եւ կանխել: Եղեգնաձոր քաղաքի բնակչի ուղղությամբ դանակի հարվածներ հասցնելիս 35-ամյա տղամարդը պատահաբար նույն դանակով մեկ անգամ հարվածել է նաեւ վիճաբանությանը միջամտած իր հորեղբոր որդուն՝ անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 




Լրահոս