ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարեւանությամբ եւ ճանապարհներին Հայաստանի Հանրապետության բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարեւանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաեւ գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:

Գարնան, ամառվա եւ աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, եւ զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաեւ հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:

Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ եւ տեւել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաեւ, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում եւ Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:

Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ եւ այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարեւանությամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. հուլիսի 5-ի կրակոցները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջեւ ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաեւ ՀՀ բնակիչներին սեփականության եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված եւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաեւ պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթեւ վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաեւ լրատվամիջոցներում:

 

 

ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՊԱՐԶՎԻ

Իջեւանի տարածաշրջանում խոսակցություններ են տարածված, որ այդ տարածաշրջանի Սեւքար գյուղում խոշոր եղջերավոր անասունների անկման բազմաթիվ դեպքեր կան. դրանց պատճառն այն  է, որ Շիրակի մարզից անասնակեր խոտ գնելու համար բեռնատարներով եկել են Սեւքար եւ այդկերպ բերել սիբիրախտի հարուցիչը։ Զանգահարեցի Սեւքար համայնքի ղեկավար Թաթուլ Թելոյանին։ Նա հայտնեց, որ Սեւքարում հիվանդությունից սատկել է երկու կով։ Նրա խոսքերով՝ սատկած անասունների զննությունը, դրանցում առկա նշանները չեն վկայում սիբիրախտ հիվանդության մասին։  Սատկած կովերից նմուշներ են վերցրել, որոնք անասնաբուժական ծառայությունն ուղարկել է Երեւան՝ լաբորատոր փորձաքննության. դրա արդյունքներից պարզ կդառնա կովերի սատկելու պատճառը։ Թ. Թելոյանը հայտնեց, որ  անասունների անկման պատճառ կարող է լինել ամառվա շոգը, նրա վկայությամբ՝ ամեն տարի ամռան տապի պատճառով գյուղում խոշոր եղջերավոր անասուններ են սատկում։

 

ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԸ՝ ՀԱՑԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ

Բերդի տարածաշրջանից հայտնեցին, որ Բերդ քաղաքի տարածքում՝ Վերին Կարմիրաղբյուր տանող ճանապարհի եզրին, գործում է հացի գործարան, որը հաց է մատակարարում Բերդի տարածաշրջանում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության երկու զորամասերի, զինվորական այլ ստորաբաժանումների ծառայողների։ Բնակիչները հայտնեցին, որ հացի գործարանը պատկանում է  սննդի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի պետ, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի բնակիչ  Վասիլ Գալստյանին։

Հացի գործարանը նախկինում գործել է Վասիլ Գալստյանի հոր ղեկավարությամբ. Վ. Գալստյանի հայրը մահացած է։ Սննդի  անվտանգության  տեսչական մարմինը զբաղվում է սնունդ արտադրող ձեռնարկություններում, հասարակական սննդի օբյեկտներում սանիտարահիգիենիկ պայմանների վերահսկողությամբ։ Ստացվում է, որ այդ տեսչական մարմնի՝ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը պետք է  վերահսկի իրեն փաստացի պատկանող հացի գործարանում արտադրվող, զինծառայողներին  մատակարարվող հացի  թխման պայմաները, հացի որակը, այսինքն՝ առկա է շահերի բախում: Տավուշի մարզում գործող սնունդ արտադրող, սնունդ մատուցող ձեռնարկություներում շատ են սանիտարական եւ այլ կանոնների խախտումները։ Մի քանի տարի Նոյեմբերյան քաղաքի խանութներից մեկից հաց գնելով՝ դրա մեջ մետաղյա պնդօղակ հայտնաբերեցի, այդ մասին տեղյակ պահեցի Վասիլ Գալստյանին։ Զորամասերին հաց մատակարարելը համարվում է շատ եկամտաբեր բիզնես, քանզի հացի որակի եւ քաշի խախտումների նկատմամբ   վերահսկողությունը թույլ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՋՐԱՏԱՐՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13։45-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՍՏԱՆԱՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան. այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը. փոխանցում է ria.ru-ն: «Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերները խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, ինչպես նաեւ իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի պատրաստմանը եւ հավաքական որոշումների մշակմանը»,- ասել է նա կազմակերպության խորհրդի նիստում: Ըստ նրա՝ նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի ԽՎ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:

«Առավել եւս, որ մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրություն են հայտնում: Այս առումով դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները»,- ասել է քաղաքական գործիչը:  Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստան եւ Սերբիա: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նոր ձեւաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջան եւ Պակիստան:

 




Լրահոս