ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու եւ չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, որը նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման եւ ստաժը հաստատելու պարագայում չստացված կենսաթոշակը ստանալու հարցերով:

Փաստաբանի պնդմամբ՝ դատարաններում գործերի քննությունն ունի տեւական բնույթ, օրինակ՝ աշխատանքային ստաժի հաստատման մի գործով դատավարությունը տեւել է 7 տարի, իսկ աշխատանքային ստաժի հաստատումից հետո կենսաթոշակի վերահաշվարկ կատարվել է ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օրվանից: Արդյունքում անձը 7 տարի շարունակ զրկվել է այդ տարիների համար վճարվելիք կենսաթոշակի գումարից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձեւակերպվում են դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով` կենսաթոշակային մարմինը քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այստեղ եւս պետք է հաշվի առնել, որ կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձեւ է՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հասկանալի է, որ իրավունքի իրացման համար որոշակի ժամկետներ սահմանելը միտված է սոցիալական ոլորտում պահանջվող կանխատեսելիության ու կայունության ապահովմանը, որն իր մեջ ներառում է նաեւ քաղաքացիների իրենց իրավունքների պատշաճ եւ ժամանակին իրացում:

Աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երեկ Երեւանում ծառայության են անցել պարեկները։ Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացրել է  պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելեցին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքին եւ նորամուծություններին։ Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։ Տեղադրվել են արագ արձագանքման նոր համակարգեր։

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ընկերության ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, Ծափաթաղ գյուղ, 1-ին փողոց 46/1 հողամասում կառուցված «Հերիթեյջ» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման  (վերանայման) հայտով: Առաջարկվող սակագինը (դրույքը) ՝ 26.204 դրամ/ կՎտժ՝ առանց ԱԱՀ: Հեռ.՝ +37493077888, հասցե՝  ք.Երեւան, Հանրապետության 48:

 

 

140 ՆՈՐ ԴԵՊՔ

Հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ը` առողջացած, 4531-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 առողջացած եւ 1 մահվան դեպք:

 




Լրահոս