ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐԸ՝ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի 93-րդ տարում մահացել է նշանավոր դուդուկահար եւ կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը։  Այս մասին հայտնել է նրա թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը։

 

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-տաղանդավոր պապիկի լուսանկարին կից գրել էր նա:

ArmLur.am-ը, ի հիշատակ մեծ լեգենդի, զրուցել է նրա ընկերների՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ:

«Աշխարհահռչակ երաժիշտ, մեծանուն հայ, մարդ՝ բառիս ողջ իմաստով: Ջիվանը հրաշալի մարդ էր իր մեծության հետ միասին: Առիթ եմ ունեցել իր հետ ճանապարհ գնալու, եւ  տապավորություններս ուղղակի  գերազանց էին բոլոր իմաստներով: Առաջին անգամ ես տեսա, թե ինչքան բարի, հոգատար էր նա իր շրջապատի հանդեպ».-պատմում է Ղազանչյանը:

Իսկ, ահա, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը, որը վարպետի ամենամտերիմ ընկերներից էր, հիշում է՝ չնայած Ջիվանի մեծ հասակին՝ նա սիրում էր, որ իրեն վերաբերվում են, ինչպես երիտասարդի:

«Չափազանց շատ էր սիրում երիտասարդների հետ ընկերություն անել: Հիշում եմ՝ երբ նշում էին իր 90-ամյակը, լավ խորոված էր պատրաստել, հետո հանեց իր ձեռքով պատրաստած ծիրանի օղին, մեզ հետ հավասար խմեց եւ ասաց, որ պետք է ապրի մինչեւ 100 տարի, բայց, ավա՜ղ, չկարողացավ կատարել իր խոսքը: Մենք կորցրեցինք փայլուն երաժշտի, որը ամբողջ աշխարհին ճանաչել տվեց հայկական ծիրանափողին, աշխարհն այդ գործիքի մասին լսեց հենց նրանից: Ես հիմա դժվարանում եմ ասել՝ արդյոք մենք այլեւս նորից Ջիվան Գասպարյան կունենաք, թե ոչ: Ողբերգությունը դա է…»,- նշում է կոմպոզիտորը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել, այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից, առանց դասընթացների հաճախելու։

1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միանում է Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։

1956 թվականին Ջիվան Գասպարյանը ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում։ 1973 թվականին արժանացել է ՀՀ ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (2015 թ., Ռուսաստան) եւ այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է հազարավոր համերգներում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը: Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով եւ Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգեւներով, արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում  հուլիսի 25-ին կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։

 

Փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արտո Թունչբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։

Փառատոնի կազմակերպիչ եւ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները։

Քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյանները երաժիշտներ են, նվագում են փողային եւ հարվածային գործիքներ։ 2019-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ եւ կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ՝ ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը եւ երգչախումբը:

Նպատակը երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը եւ ուժի, կամքի, նպատակասլացության օրինակ ծառայել: Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձեւավորելը, այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարեւորության գիտակցում, սոցիալական կյանքում ներգրավվածություն, ինչպես նաեւ մասնագիտություն:

Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունն օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա։ Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի աջակցությամբ անհատույց տրամադրված սենյակները քույրերը նորոգել եւ կահավորել են բարի եւ սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին հաղորդել են տան, ընտանեկան եւ ջերմ մթնոլորտ: 2021-ի հունիսի 1-ին հենց այդ սենյակներում կայացել է մշակութային կենտրոնի բացումը եւ մանկատան երեխաների համերգային ելույթը բացման շրջանակներում:

«Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության գործունեության նպատակներից է Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի համերգների, փառատոնների կազմակերպումը, ինչպես նաեւ երեխաների առողջական հարցերի՝ բուժման, վիրահատության, կազմակերպումը:

Ամեն տարի «Ճախրուկ» փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ խթանելով մշակույթի զարգացմանն ու աշխարհին ներկայացնելով մեր ազգի հոգու հզոր ուժն ու թռիչքը։

 

 

ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է

Երեք տարվա դադարից հետո վերաբացվել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, oլիմպիադաների բազմակի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Վերջինս փաստել է, որ այսուհետեւ գրոսմայստերական դպրոցը կգործի «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը եւ Աշխեն Սանոյանը: «Փոփոխությունն այն է, որ առաջ դպրոցը պետական էր, իսկ հիմա՝ ոչ: Մենք շարունակելու ենք մնալ շախմատիստների կողքին՝ անկախ ամեն ինչից, որ եղավ նախորդ տարիներին»,- ասել է Սարգսյանը: Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլեւ այն պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները, որոնք կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ, խորացնել դրանք:

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Երեւանի «Փյունիկն» ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախի» հետ եւ հաղթել 6:0 հաշվով: Երեւանյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լեւոն Վարդանյանը, իսկ Բալսան, Ժունինյոն եւ Հարությունյանն աչքի են ընկել մեկական անգամ:

 

 

ԽՈՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուրարտուն» գլխավորող Ռոբերտ Արզումանյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է սլովենական «Մարիբորի» դեմ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման, նախապատրաստական փուլի ու համալրումների մասին: «Ուրարտուն» 24 ֆուտբոլիստներով Սլովենիայում է եւ պատրաստվում է «Մարիբորի» հետ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 8-ին «Լյուդսկի վրտ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Երկխաղյա դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ:

 

 

ԿՄՐՑԵՆ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիան եւ Դանիան: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք հանդիպումը խոստանում է դիտարժան լինել: Անգլիան խաղում է սեփական հարկի տակ, եւ այս հանգամանքն ինչ-որ տեղ կարող է հավելյալ ուժ լինել Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստների համար, որոնք քառորդ եզրափակչում խոշոր հաշվով առավելության հասան Ուկրաինայի նկատմամբ: «Երեք առյուծները» մեծ ներուժով են մոտենում կիսաեզրափակիչի այս խաղին:

 




Լրահոս