«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել: Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը։ Սակայն երկարամյա եւ փորձառու Դուլյանին վերջերս ազատել են եւ աշխատակազմը համալրել երիտասարդ ու անփորձ կադրով, որն անգամ խոսնակի գործից շատ գլուխ չէր հանում։
Ի դեպ, չնայած Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, սակայն որոշել է ձեռքից բաց չթողնել այս յուղոտ ոլորտը, որը համակարգում համարում են Պապիկյանի «բիզնեսը», ուր նա աշխատանքի է տեղավորել իր բազմաթիվ ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում։ Օրինակ, հիմնադրամի փոխտնօրենի աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է՝ ավելին, քան ստանում են պատգամավորները։ Այն դեպքում, երբ Պապիկյանի երիտասարդ խոսնակը, համակարգի իր գործընկերների պատմելով, «ՊՈԱԿ»-ն ու «հիմնադրամն» իրարից շատ չի տարբերում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում