Երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի կողմից հիմնված «Ժողովրդավարական Ուղի» կուսակցությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դիրքերում: Կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանի կարծիքով` մեր երկրում ԱԺ ընտրություններից առաջ արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն: ԺՈՒԿ-ը ստեղծվել է 2005 թվականին` Մանուկ Գասպարյանի եւ իր աջակից ընկերների կողմից, որն այժմ ղեկավարում է նրա որդին` Մանուել Գասպարյանը: Այն գտնվում է Քանաքեռ-Զեյթունում` Ավետիս Ահարոնյան 18 հասցեում: Գասպարյանն ասաց, որ «Երեւանում դա միակ գրասենյակն է, բայց գրասենյակներ ունենք նաեւ Վանաձորում եւ Արարատի մարզում: Նկատենք, որ երեւանյան գրասենյակը չուներ այն աշխատանքային պայմանները, որոնք առկա են այսօրվա «էլիտար» աշխատավայրերում, ավելի համեստ էր: ԺՈՒԿ-ը կոնկրետ ֆինանսավորողներ չունի. «Կուսակցությունը պահվում է հիմնականում մեզ աջակից քաղաքացիների բարերարությամբ, իսկ հիմնականն անդամավճարներն են»: Պարոն Գասպարյանը նշեց, որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին. «Եթե մենք մեզանից քաղաքական ուժ ենք ներկայացնում, ամեն ինչ անելու ենք ընտրություններից զերծ չմնալու համար: 2007 թվականին, երբ կուսակցության ղեկավարը հանգուցյալ հայրս էր, ԺՈՒԿ-ը մասնակցեց ԱԺ ընտրություններին, բայց մեր ունեցած ռեսուրսները չկարողացանք իմի բերել, քանի որ մի քանի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ բավականին լուրջ քանակի ձայներ մեզանից գողացվել էին»: Պարոն Գասպարյանն ասաց, որ դեռեւս դժվարանում են պատասխանել այն հարցին` ընտրություններին մասնակցելու են դաշինքո՞վ, թե՞ միայնակ. «Որովհետեւ քաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Բայց քանի որ քաղաքական դաշտում մենք գործում ենք ՀԱԿ-ի շրջանակներում, երեւի կշարունակենք մեր համագործակցությունը. եւ եթե ՀԱԿ-ի հետ համագործակցություն ունենք, ուրեմն պարզ է, որ գործում ենք ընդդիմադիր դաշտում»:ԺՈՒԿ-ն այսօրվա դրությամբ ունի մոտ 4755 անդամ, որից քաղաքական ակտիվը մոտ 650-ն են: Կուսակցության ղեկավարը հավելեց նաեւ, որ իրենք ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար համագործակցում են ՀԱԿ-ի հետ. «Նիկոլ Փաշինյանի հետ կապված մենք շատ հայտարարություններ ենք արել եւ այն հասավ պատկան մարմիններին, որով էլ որոշ չափով կարողացանք սաստել փոքրիկ իշխանիկների ոտնձգությունները` Նիկոլ Փաշինյանի հանդեպ »: ԺՈՒԿ-ի նախագահ Մանուել Գասպարյանի խոսքերով. «Հնարավոր է, որ ժողովուրդը մի փոքր քիչ է լսում մեր մասին, ուղղակի մենք համատեղ ենք Հայ Ազգային Կոնգրեսի հետ ու ցանկացած հարցում մենք համատեղ ենք հանդես գալիս: Բայց առաջիկայում մեր խոսքը առանձին ասելու ենք»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՐԵՆՑ ԽՈՍՔԸ ԿԱՍԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ