ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը հանդես է գալիս հարցի առանց նախապայմանների շուտափույթ կարգավորման օգտին. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի հավանական ընդլայնման և Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին հարցերին:

«Տարածաշրջանային անվտանգության հարցերը հայկական կողմի հետ ակտիվ քննարկում ենք տարբեր ձևաչափերով, որոնց համար հիմք են ծառայում բազմաթիվ համաձայնություններն ու պայմանավորվածությունները, որոնք ձևակերպվել են երկկողմ և եռակողմ հայտարարություններում: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական օբյեկտներին, ապա դա պաշտպանության նախարարության իրավասության տակ է»,-հայտարարել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համալիր հարցերը մանրամասն քննարկվել են հուլիսի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հաստատվել է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների հետևողական կատարման կարևորությունը: Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ Ռուսաստանը պատրաստ է մեծ ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի ապահովման, Երևանի ու Բաքվի միջև փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ լարվածության չեզոքացման գործում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձի գործում անձնական ներդրում ունենալու համար: Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է 97 ռազմագերի, որոնցից 81-ը՝ հայկական, իսկ 16-ը՝ ադրբեջանական կողմին:

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքվի համար առաջնահերթություն հանդիսացող ականապատ տարածքների քարտեզների հարցը չի հաջողվում վերջնականապես լուծել: Ռուսական կողմի դիրքորոշումը հայտնի է: Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հարցի առանց նախապայմանների շուտափույթ կարգավորման օգտին:

Անդրադառնալով հրադադարի ռեժիմին՝ Զախարովան նշել է. «Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող գոտում իրավիճակը հարաբերական կայուն է: Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով կարգավորվում են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել»:




Լրահոս