ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ. մայիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում, մեկնարկել է նոր կամրջի շինարարությունը: Մեկ տարի հետո, ներկայիս կամրջի փոխարեն կգործի նոր ենթակառուցվածք:

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետ Դավիթ Բեգինյանի խոսքով՝ նոր կամուրջը նոր լիցք կհաղորդի հայ-վրացական սահմանով իրականացվող ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների հոսքին: Թողունակությունն ավելի արագ և հարմարավետ կդառնա, ինչը կնպաստի մաքսային գործառույթների ավելի արդյունավետ և արագ կազմակերպմանը:

Դեբետ գետի վրա կառուցվող Բագրատաշեն-Սադախլո կամուրջը ստացել է «Բարեկամություն» անունը՝ խորհրդանշելով հայ-վրացական դարավոր բարեկամությունը: Շինարարության հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոր կառուցվող ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Տրանսպորտային միջոցների ամբողջ երթևեկը կիրականացվի տեխնիկապես հագեցած, արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով ապահովված կամրջով:

Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Այն նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին:

Մանրամասները՝ պետական եկամուտների կոմիտեի տեսանյութում:




Լրահոս