ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ սահմանը չվերահսկելու գործով. փաստաբանը դատի է տվել Գլխավոր դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Երեմ Սարգսյանը սահմանի չկահավորման մասով գործընթաց է սկսել եւ անգամ դատախազության գործողությունների մասով դիմել է դատարան: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, թե ինչ դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազությանը սահմանային իրավիճակի մասով, որից հետո ստանալով պատասխանը՝ դիմել է դատարան:

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ պաշտոնական անփութության հատկանիշներով: Մասնավորապես, իրավապահ մարմինները քրեական գործը հարուցել են այն դեպքից հետո, երբ հակառակորդը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր առաջ է եկել եւ հրաժարվում է լքել ՀՀ տարածքը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ի դեպ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մայիսի 3-ի հայտարարությունը: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ:

Այս իրավիճակում հարց է առաջանում արդյոք ՀՀ զինվորական քննչական վարչությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի հարցաքննության, ի վերջո նա էր Ազգային ժողովում հայտարարել, թե «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ Դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի»:
Ստացվում է՝ անգամ եթե վարչապետին զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ուրեմն հերթական անգամ սխալ են զեկուցել կամ նա է իրականությունն այլ կերպ ներկայացրել: Ինչեւէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Քնար Մանուկյան




Լրահոս