Ոստիկանության ՆԱ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ Մասնավորապես, մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։ Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։
Պարզվել է նաև, որ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից։ Վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով՝ վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ՃՈ այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր ու կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։
Բացի այդ, նույն տեսուչը, տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, զանգել է ճանապարհային ոստիկաններին ու միջամտել նրանց գործողություններին՝ խնդրելով արձանագրություն չկազմել։ Պարզվել է նաև, ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենան, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին ու պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը, տեղեկանալով, որ մի անչափահաս, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, կայանված մեքենան նորոգելու պայմանով, վթարը չարձանագրելու վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։