ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատվել է թերի ձևով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը մտադիր է առաջիկա երեք տարիներին՝ 2022թ., 2023թ. ու 2024թ.-ին ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և արդյունքում 2024թ.-ին հավաքել 2 տրիլիոն 84 միլիարդ դրամ հարկ ու տուրք կամ ավելի քան 50 տոկոսով ավելի, քան 2020թ.-ին՝ 1 տրիլիոն 385 միլիարդ դրամ։ Այս ծրագիրը հաստատվել է գործադիրի երեկվա արտահերթ նիստում: Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մտադիր է խթանել նաեւ ներդրումների աճը՝ նախատեսվում է յուրաքանչյուր տարի ապահովել լրացուցիչ 270 միլիարդ դրամի ներդրումներ։

Ընդ որում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամսվա սկզբին հայտարարեց, որ տարին Հայաստանը կփակի 6 տոկոս տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2021թ.-ի համար կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս։ Հաջորդ ուշագրավ հանգամանքը հարկերի հավաքման կտրուկ աճն է։

Նկատենք, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետական ֆինանսների կառավարման կարևորագույն փաստաթուղթ է, որից բխում են առաջիկա երեք տարիներին կառավարության ծրագրային դրույթներում և ոլորտային ռազմավարական փաստաթղթերում ամրագրված առաջնահերթությունների իրագործման հնարավորությունները:

Պետք է արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՄԺԾ ծրագիրը կառավարությունը պետք է հաստատեր մինչև ս.թ. հուլիսի 10-ը (հաշվի առնելով, որ հուլիսի 10-ը ոչ աշխատանքային` շաբաթ օր էր` մինչև հուլիսի 12-ը)։ Ստացվում է, որ մի կողմից այսօր լրանում է ՄԺԾ ծրագրի և կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրի` կառավարության կողմից հաստատման վերջնաժամկետը, մյուս կողմից` վերջին պահին ՄԺԾ ծրագիրը հաստատվել է  թերի տեսքով (ինչը չի բավարարում ՀՀ օրենքով սահմանված պահանջներին), ընդ որում`դռնփակ նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս