«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք լինելու է խորհրդարանում:
-Տիկի՛ն Բադալյան, ի՞նչ որոշում ունեք: Պատրաստվո՞ւմ եք վերադառնալ խորհրդարան: Եթե այո, ապա ի՞նչ անելիք ունեք:
-Իհարկե, խորհրդարան վերադառնալու եմ: Ես ավելի քան վստահ եմ, որ ընտրությունները չեն կեղծվել, համենայնդեպս գոնե մեր քաղաքական թիմի կողմից որեւիցե խախտում հաստատ չի եղել: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը վերջնական իր որոշումը կհայտնի, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն աշխատանքին:
-Ինչո՞ւ է ընդդիմությունը պնդում, որ ընտրախախտումներ ու ընտրակեղծիքներ են եղել: Ընդդիմությունը պնդում է, որ այս իշխանությունն ընտրակեղծարարությամբ ընտրվեց:
-Նման բան պնդող դաշինքների կողմից կան ապացուցված փաստեր ընտրակեղծարարությունների, վարչական ռեսուրսների կիրառման: Իրավապահ մարմինները քննարկում են գործեր, կան հարուցված քրեական գործեր, եւ իրենք գիտեն՝ ինչ են ասում: Համենայնդեպս մեզ համար սկզբունքային հարց է եղել ազատ եւ արդար ընտրությունները առաջին իսկ օրվանից, եւ մենք մինչեւ վերջին օրը պահելու ենք մեր այդ սկզբունքը: Հուսով եմ, որ քանի դեռ մենք իշխանության ենք, որքան ընտրություններ անցկացնեն, այնքան ազատ, արդար եւ թափանցիկ են լինելու:
-Այս ընթացքում՝ պատերազմից հետո, մշտապես նշվում է, որ հանրությունը հիասթափվել է այս իշխանությունից, վարած քաղաքականությունից եւ ամեն ինչ անելու է, որ իշխանությունը հեռանա, սակայն պարզվեց հակառակը: Ինչո՞ւ:
-Որովհետեւ այդպես հանրությունը չէր ասում, այլ ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ շատ կոնկրետ շրջանակներում: Հետեւաբար նրանք էլ հիասթափված են, անակնկալի են եկել, քանի որ հանրության շրջանակներում նման խոսակցություն չի եղել: Մենք ամբողջ ընթացքում մեր կապը պահել են հանրության հետ: Եղել ենք մարզերում, քաղաքացիների հետ ենք շփվել, եւ մեզ համար անակնկալ չի եղել նման արդյունքը: Ինձ համար մի փոքր անակնկալ էր մի փոքր քիչ ձայներ հավաքելը. ես ավելի շատ ձայն հավաքելու ակնկալիք ունեի: Սա իմ անձնական տեսակետն է: Մենք ունենք շատ լուրջ խնդիր: Վերջին տարիներին ֆեյսբուքն ու իրականությունը նույկերպ ենք ընկալում, բայց դա այնքան էլ այդպես չէ:
-Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ միայն նախկինների չվերադառնալու համար հանրությունն ընտրեց ձեզ: Համակարծի՞ք եք:
-Բացարձակապես համակարծիք չեմ, չկա նման բան: Իհարկե կա որոշակի փոքր մի հատված, որը, այո, մեզ ընտրել է գուցե դրա համար: Չենք կարող բացառել նման մոտեցումը: 54 տոկոսը մեզ ընտրել է միայն նրա համար, որպեսզի նախկին իշխանությունները չվերադառնան, ես բացարձակապես չեմ համաձայնի այդ մտքի հետ:
-Դուք էլ էիք հիասթափվել ձեր թիմից, որոշել էիք նույնիսկ մանդատը վայր դնել: Ինչպե՞ս կարողացաք վերականգնել Ձեր վստահությունն ու հավատը թիմի նկատմամբ:
-Այն մարդիկ եւ այն հատվածը, որից ես, հիասթափություն ապրելով, որոշել էի մանտադը դնել, այդ հավատը չի վերականգնվել: Իսկ թիմի նկատմամբ ինչպես եղել է վերաբերմունքը, առավել եւս առաջնորդի նկատմամբ եղել է վստահությունը, դա շարունակում է ինձ պահել թիմում, թե չէ առանձնապես ոչինչ չի փոխվել:
-Այդ մարդիկ շարունակելո՞ւ են լինել ձեր թիմում:
-Ամենայն հավանականությամբ: Եթե ես հիասթափված եմ եւ չեմ ընդունում այդ մարդկանց մոտեցումները, դա չի նշանակում, որ ես ճիշտ եմ, իրենք՝ սխալ: Դա իմ մոտեցումն է այդ մարդկանց, եւ ոչինչ չի փոխվել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊՈՒՏԻՆԸ ՇՏԱՊԵՑ
Հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանը քննելու է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։ Այսինքն՝ այս պահին դժվար է հաստատապես ասել, թե ինչ որոշում կարող է կայացվել, եւ ամենեւին էլ չի բացառվում, որ, օրինակ, արտահերթ ընտրությունների արդյունքները չեղրակվի կամ նշանակվի երկրորդ փուլ:
Եվ չնայած այն հանգամանքին, որ դիմումները դեռ Սահմանադրական դատարանում են, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը: Այսինքն՝ դեռ դիմումներն անգամ չեն քննվել, սակայն ՌԴ նախագահը նրան շնորհավորում է: Ուշագրավը նաեւ այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տեւողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն հարցով:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի N զորամասի հրամանատար Արմեն Թովմասյանը ազատվել է հրամանատարի պաշտոնից: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նրան ազատել են քաղաքական հայացքների համար: Մենք փորձեցինք տեղեկությունը անձամբ պարզել հրամանատարից, սակայն վերջինս չպախատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ ՊՆ-ն Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հրամանատարներին ազատել են ծառայությունից Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։ Արգամ Գեւորգյանն ասել էր, որ, սեփական զեկուցագրի համաձայն, զորացրվել է։ Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ, ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։
ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Մանդատը վայր դրած Լուսինե Եգանյանին խմբակցությունում փոխարինել է Արա Մելիքջանյանը: Հիշեցնենք, որ Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատը ստացել էր ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունիսի 18-ին։ Նա խորհրդարանում փոխարինել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանին։
ՈՎՔԵ՞Ր ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՔՊ-Ն ՍԴ-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանը քննելու է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանություներն էլ իրենց հերթին որոշել են ՍԴ ուղարկել այնպիսի անձինք, որոնք կկարողանան իրենց պաշտպանել:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՍԴ-ում իրենց պետք է պաշտպանի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Վերջինիս հետ ՍԴ կգնա նաեւ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, որպեսզի թիկունք լինի Բադասյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները բարձր դատարանում վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ ՍԴ-ն էլ իր հերթին որոշել է միավորել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները եւ քննել դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությանը, ոստիկանությանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին:
Հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91%, «Հայաստան» դաշինքը՝ 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%. այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան: