Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԲՀԿ-ն երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում: «Կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում», – ասել է նա՝ հավելելով, որ պետք է քննարկեն՝ ինչպես անել, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, ու կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց։
«Պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Գագիկ Ծառուկյանն իր հերթին նկատել է, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված. «Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից՝ մենք խորհրդարանում ենք, թե ոչ, դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք», – հավելել է գործող խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարը:
Հայաստանի ղեկավարը երեկ քաղաքական խորհրդակցությունների շրջանակում ընդունել է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ «Միասնական հայրենիք»-ի առաջնորդ Մհեր Տերտերյանին: Հանդիպման ժամանակ վերջինս նշել է. «Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով, եւ առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին: Դա նաեւ իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն է՛լ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի եւ մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ եւ նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա»:
Իսկ Քոքոբելյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նկատել է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, մենք քաղաքական կյանքի ներկա փուլում շատ կարեւոր ենք համարում արտախորհրդարանական ուժերի հետ մշտական հաղորդակցության ապահովումը: Կուզենայի լսել նաեւ Ձեր դիրքորոշումները եւ պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ»:
Իսկ Քոքոբելյանն էլ նշել է. «Իհարկե կուզենայի, որ ընտրարշավը մի քիչ այլ կերպ ընթանար, չեմ թաքցնի: Եվ միգուցե դա էր պատճառներից հիմնականը, որ մենք չցանկացանք մասնակցել ներկապնակի առումով: Բայց քաղաքական առումով նաեւ չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել, առանց այլեւայլության: Ես ոչ միայն պատերազմը նկատի ունեմ, այլ, ընդհանրապես, մեր նորանկախ Հայաստանի պատմության կյանքում՝ ինստիտուտների, տարբեր գործոնների հետ կապված:
Ամենակարեւոր խնդիրները, որ մամուլում հետեւում ենք եւ՛ ձեր տեսակետներին, եւ՛ քաղաքական ուժերի մոտեցումներին, բնականաբար, այսօր անվտանգության խնդիրն է, գերիների խնդիրն է: Բայց ես կուզենայի, որ անվտանգության խնդիրը դիտարկենք նաեւ բազմավեկտոր հարթությունում, նկատի ունեմ՝ այսօրվա զարգացող եւ փոփոխվող աշխարհին համընթաց, որովհետեւ բարեփոխումները եւ, ընդհանրապես, փոխակերպումները մեզնից դուրս են՝ անկախ մեզնից: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, եւ չեմ կարծում, որ որեւիցե մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ առավել եւս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել եւ հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք առաջարկում: Մասնավորապես, ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու, բայց նաեւ կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել»:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այս հանդիպումները սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
Ն.Հ.
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, 2001թ. մինչեւ 2012թ.նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի դրդմամբ 2011թ. կամ 2012 թվականին վատնել է համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 5 միլիոն 132 հազար 891 դրամ ընդհանուր արժողությամբ մետաղական խողովակները: Աշոտ Գեւորգյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս. Մինասյանի եւ Լ. Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գևեւորգյանին: Լիսկայի այս կարգադրությունն էլ կատարել են: Եվ այժմ մեղադրանք է առաջադրվել եւ՛ Լ. Առաքելյանին, եւ՛ Ա. Գեւորգյանին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է, նա դեռ չի ներկայացել նախաքննական մարմին, իսկ, ահա, Գեւորգյանն ու Լավրենտիկ Առաքելյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Գործը դատարանում քննում է Մանվել Շահվերդյանը:
ՄԵՂԱԴՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Սիրիայի արտաքին գործերին նախարարության ղեկավարի տեղակալը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Այդ հանցավոր ռեժիմը (Թուրքիայի) խախտում է օրենքը, եւ նրա կործանիչ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ հաստատում է այն, ինչի մասին Սիրիան խոսում է Աստանայի գործընթացի հենց առաջին օրվանից. թուրքական ռեժիմը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին եւ կարգավիճակ չպետք է ունենա Աստանայի գործընթացում, քանի որ չի կատարում իր պարտավորությունները»,- ասել է նա:
ԵՌԱԿՈՂՄ
Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցով շփումներն իրականացվում են մշտապես եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են արդյոք բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում հանդիպում է անցկացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտապես: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարեւոր է եւ այլընտրանք չունի: Եվ այդ իրագործման շրջանակում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը: Վերջինս հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»: «Քննարկվել են եռակողմ համաձայնագրերի իրականացման տարբեր նրբերանգներ եւ, բնականաբար, առեւտրատնտեսական համագործակցությունը»,-ասել է Պեսկովը:
ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովը առաջիկայում կլքի բանակը: Մեր տեղեկություններով՝ Գրիգորի Խաչատուրովին կփոխարինի Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:
ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿՈՒՄ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 14:03-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18? եւ արեւելյան երկայնության 43.93? աշխարհագրական կոորդինատներով, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր եւ Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
186 ՆՈՐ ԴԵՊՔ
Հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381-ը` առողջացած, 4536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 220 466 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած եւ 5 մահվան դեպք: