«ԻՄ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ». ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը վեր է ածվել մեկ մարդու իշխանության, որը որդեգրել է հին ու բարի «իմ դեմ խաղ չկա» վարքագիծը եւ, առանց հաշվի առնելու ԲԴԽ անդամների կարծիքները, դե ֆակտո միանձնյա որոշումներ է կայացնում դատարանների նախագահների եւ դատավորների նշանակման վերաբերյալ:

 

Խոսքն իհարկե Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը փաստացի զավթած Գագիկ Ջհանգիրյանի մասին է: Արդեն հայտնել էինք, որ ԲԴԽ-ն Գ. Ջհանգիրյանի գլխավորությամբ այցելելու է դատարաններ նախագահների թեկնածությունների վերաբերյալ իբր տվյալ դատարանների դատավորների կարծիքները լսելու համար: Եվ, ահա, այդ տեղեկությունները հաստատվեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցելությունների ժամանակ շատ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել:

Մաթեմատիկական ճշգրտությամբ գրեթե բոլոր դատարաններում աշխատել է նախապես ծրագրված սցենարը, ըստ որի՝ յուրաքանչյուր դատարանում Գ. Ջհանգիրյանի կողմից վստահված անձինք առաջադրել են այն դատավորի թեկնածությունը, ում տվյալ դատարանում նախագահ նշանակելու հարցը Գ. Ջհանգիրյանը նախապես համաձայնեցրել է Ն. Փաշինյանի հետ: Նման համաձայնության արդյունքում են նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ա. Մկրտչյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը:

Ըստ շրջանառվող հավաստի տվյալների՝ ԲԴԽ անդամներն այդ գործընթացին միջամտելու որեւէ իրավունք չունեն: ԲԴԽ բոլոր անդամները պատրաստակամ կատարում են Գ. Ջհանգիրյանի բոլոր ցուցումները: Նրանք արդեն տեղյակ են առաջիկայում իրենց կողմից կատարվելիք ընտրության մասին, որին տեղյակ է նաեւ գրեթե ողջ իրավաբանական հանրությունը: Եվ այսպես, ԲԴԽ հարգելի անդամներն առաջիկայում ՀՀ վարչական դատարանի նախագահ են ընտրելու Արգիշտի Ղազարյանին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ Արման Թովմասյանին, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ Արման Կուրեխյանին: Հատկանշական է, որ Գ. Ջհանգիրյանն իր խորհրդական է նշանակել իր հավատարիմ ընկեր, նախկին դատավոր Վարդան Ստեփանյանին, որի միջոցով էլ Գ. Ջհանգիրյանը պատրաստվում է պատվերները փոխանցել դատարանների նախագահներին եւ դատավորներին:

Բանը հասել է նրան, որ Գ. Ջհանգիրյանի սխրագործությունների մասին դատական համակարգում սկսել են լեգենդներ պատմել, սակայն նա, ըստ ամենայնի, մեծապես անտարբեր է, թե ինչ են խոսում: Կարեւորն այն է, որ բոլորին պարզ լինի, որ «իր դեմ խաղ չկա»: Այդ շարքից են նաեւ դատավորների թեկնածուների հետ հանդիպումները, որոնց ընթացքում Գ. Ջհանգիրյանը հնարավոր բոլոր ձեւերով նրանց հասկացնում է, որ ցուցակից դուրս կթողնի բոլոր նրանց, որոնք կհամարձակվեն սկզբունքայնություն դրսեւորել:

Այդպիսի դեպքեր են գրանցվել վերջերս, երբ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուներին առաջարկել են միայն մարզերում նշանակվելու համար, քանի որ Երեւանի հաստիքները «աճուրդի» են հանվել իրենց ծառայություններն առաջարկած մարզերի գործող դատավորների համար, որի մասին վերջիններս ազատ արտահայտվում են իրենց շրջապատում:

Գործող դատավորները համոզմունք ունեն, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով այլեւս արդարադատություն չի իրականացվի, քանի որ դատարանները կվերածվեն նախկին զինվորական դատախազության՝ Գ. Ջհանգիրյանի գլխավորությամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԴԻՍՊԱՆՍԵՐ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ ՄԻՊ աշխատակազմի անդամները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Շրջայցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, նրանց բուժման ու խնամքին, իրավունքների պաշտպանության հետ կապված այլ խնդիրներին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու եւ պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի եւ մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին: Պաշտպանն ընդգծել է պետության կողմից հատուկ ուշադրության եւ հոգածության անհրաժեշտությունը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպով ապահովելու համար: Պաշտպանը մտահոգություն է հայտնել հաստատության անբարենպաստ վիճակի վերաբերյալ, որն էլ ավելի է վատթարացել 2020թ. աշնան պատերազմի հետեւանքով շինության կրած վնասների պատճառով: Պաշտպանն արձանագրել է, որ Կառավարության կողմից պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավում։ Շրջայցի արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը խորը եւ համապարփակ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ որ տվյալ խմբի անձինք ամենախոցելի անձանց շարքին են պատկանում: Շրջայցի եւ տնօրինության հետ քննարկման արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով իր լիազորությունների շրջանակներում Պաշտպանը համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

 

 

ՏԱՊԱԼԵԼ Է ԳԱԶԱԽՈՂՈՎԱԿԸ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն եւ հեռացել։ Գազատար խողովակի կոտրման հետեւանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։ Պարեկային ոստիկանության ծառայողները սահմանազատել են տարածքը եւ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի փրկարարներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները կարողանան վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Գազախողովակի տապալվելու հետեւանքով վնասվել է նաեւ 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց, եւ միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը տեղեկացրել, որ դատարանը մերժել է պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսպիսով, Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ: Նշենք, որ բողոքը քննում էր դատավոր Լուսինե Աբգարյանը։

«Ցավոք, հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսեւորման պայմաններում ունեցանք կալանավորման ֆետիշացում։ Բայց որքան էլ ճնշումներ գործադրեն, վստա՛հ եղեք՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ»,-նշել է Արամ Վարդեւանյանը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» հիվանդանոցի աշխատակիցներին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

 

ԿՆՈՋԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

Նախօրեին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին. հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության պարեկային ծառայության եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել եւ, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս