Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով՝ 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման տեղեր: Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման եւ շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական եւ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան եւ հայոց լեզուն:
«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների եւ սարքերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Գյումրու պետական տեխնիկական եւ Ինֆորմատիկայի պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան եւ հայոց լեզուն:
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական եւ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան եւ հայոց լեզուն:
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական եւ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան եւ հայոց լեզուն:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով փորձարարական կարգով ներդրվելու է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան եւ հայոց լեզուն:
Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար եւ 10 վճարովի ուսուցման տեղ: