Մինչ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, Հայաստանում չկա Արտաքին գործերի նախարարություն, անգամ մամուլի խոսնակ, որ արձագանքի այդ իրադարձություններին։ Նկատենք, որ ամեն դեպքում Շուշի չեն այցելել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները, փոխարենը Շուշի այցելած դեսպանների թվում էին ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի դեսպանները, ինչպես նաեւ Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, իսկ այցը կրում էր ճանաչողական բնույթ։
Ուշագրավ է, որ Շուշի հրաժարվել էր այցելել նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Ադրբեջանցիներին, սակայն, առավել զայրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք դեսպանների մերժումը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարարն առաջարկել է պատժել այդ դիվանագետներին եւ նրանց չհրավիրել որեւէ այլ միջոցառման, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի։ Ավելին՝ նա առաջարկել է պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից ընդհանրապես: Այսինքն՝ այն երկրների դեսպանները, որոնք զլացել են կատարել ազերիների քմահաճույքները, այդ երկրում խոսում են նրանց պատժելու մասին: Իսկ Հայաստանում երկու օր է՝ փաստացի չկա ՀՀ արտաքին գործերի նախարարություն, չկա պաշտոնական բողոքի նոտա՝ արված Շուշի գնացած երկրների ներկայացուցիչներին: Ձկան նման լուռ է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչը խոսում է անիշխանության մասին:
Փոխարենը ՀՀ իշխանությունները զբաղված են պաշտոններ բաժանելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել: Իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձեւով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են: Նիկոլ Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում: Օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել: Ի դեպ, երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար: Օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր:
Հետընտրական Հայաստանում կրկին պետական ապարատը, կարելի է ասել, «սթրեսի» մեջ է: Նախ սպասվում են մի շարք նախարարների փոփոխություններ, որոնք ենթադրում են առաջնահերթ հայեցողական, ապա՝ մնացած տեսակների պաշտոնյաների փոփոխություններ: Բացի այդ, հասկանալի է, որ կսկսվի նաեւ «վհուկների որս»՝ քաղաքական վենդետայի մոտիվներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական ՔՊԿ-ում քննարկվել է թեման, թե ինչպես ընտրություններից առաջ ողջ պետական համակարգի մեծ մասը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատել, քվեարկել, ու դրա համար քաղաքական վենդետաները չեն ուշանա: Մյուս կողմից՝ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում պետական մի շարք գերատեսչություններում, ինչը եւս ենթադրում է կրճատումներ, ազատումներ: Մարդիկ չգիտեն՝ կառուցվածքային փոփոխություններից հետո իրենք կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Սա բերել է համատարած անգործության, ընդ որում՝ շատ պետական գերատեսչություններում նման վիճակ էր դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անորոշության մեջ են, օրինակ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները: Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում եւ անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չի ասել: Միայն շշուկներ կան, որ Սուրեն Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. ներքին պայմանավորվածություն ունի` ով էլ նշանակվի ՏԿԵ նախարար, իր կադրերին ձեռք չի տալու: Մի խոսքով, հայտնի ճշմարտության նման՝ տերովին տերն է տարել, անտերին…
Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։ Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, եւ վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությյունների ներսում փոփոխություններ անել եւ տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։ Հավելենք, որ սա Արգիշտի Քյարամյանի տասներորդ պաշտոնն է այս ընթացքում. 2018 թվականից հասցրել է պաշտոններ զբաղեցնել ՊԵԿ-ում, ՊՎԾ-ում, մեկ օրով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ, տնօրեն, հիմա էլ՝ Քննչական կոմիտեի նախագահ։