Կրակոցներ, զոհեր… ինչ ունենք ադրբեջանցիների՝ Հայաստան ներխուժումից երկու ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենևին չի պատրաստվում: Ավելին, նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցն այսօր տեղի ունեցած միջադեպն է:

Մասնավորապես, այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Մայիսի 12-ից ի վեր Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակում փոփոխություն չկա: Այս ընթացքում ադրբեջանական կողմը Հայաստանի տարածք մտնելու տարբեր փորձեր են արել. Խոզնավարի ուղղությամբ 1,5 կիլոմետր փորձել էին խորանալ, նրանց նախորդ դեպքերի պես տեղի հովիվներն էին նկատել: Սև լճի տարածքում մայիսի 20-ին նաև միջադեպ էր գրանցվել հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել:

Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին՝ երկու կողմերն էլ վնասվածքներ են ստացել, 11 հայ զինծառայող բժշկական կենտրոն էր տեղափոխվել, ըստ ՊՆ-ի՝ հիմնականում թեթև վնասվածքներով: Անցած ամիս Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմ, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել։

Այդ դեպքերից երկու ամիս անց այժմ աշխատանքներ են իրականացվում այդ հատվածում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասով: Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, ինչից հետո ճշգրտումներ կարվեն:

Մայիսին Հայաստանի տարածք ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել հայելային եղանակով հետ քաշել սահմանից և այնտեղ ռուսական կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դիտորդներ տեղակայել։

Ն.Հ.




Լրահոս