ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱԳՐԵՍԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Բաբայանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, ասաց, որ դա պետք է լինի երկկողմանի, իսկ ադրբեջանական կողմը չի ձգտում խաղաղության: Մեր զրուցակիցն ասաց, որ Շուշի դեսպանների բերելը վկայում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ դրան:

 

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ խնդիր կա, ու ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ներառման ցանկացած փորձ դատախարտված է ձախողման: Ի՞նչ տեղեկություն կա:

-Ոչ մի տեղեկություն չկա: Խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք, որ հանկարծ որեւէ մեկը թող հույս չհայտնի, որ կարող է Արցախը լինել Ադրբեջանի կազմի մեջ, դա պարզապես հնարավոր չէ: Սա կնշանակի Արցախի ոչնչացում: Առաջին փուլը կլինի այն, որ ռեզերվացիա կդառնա, երկրորդը՝ համակենտրոնացման ճամբար: Տարբերակ չկա Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու: Մեզ համար դա անընդունելի է: Սա է հարցը, երբ կարգավիճակի մասին խոսում ենք, մենք ուզում ենք պարզապես կրկին անգամ հիշեցել, որ չմոռանան ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ այլ երկիր չմտածեն, որ Արցախը կարող է ներառվել Ադրբեջանի կազմում: Սա է մեր դիրքորոշումը:

-Իսկ կա՞ն հայկական պաշտոնյաների մեջ այնպիսի անձինք, որոնք մտածում են այդկերպ: 

-Աստված մի՛ արասցե, որ այդպիսի մարդիկ լինեն: Ես չեմ տեսել նման մարդկանց, բայց կան այլ տիպի մարդիկ, որոնք մեզ անվանում են թուրք: Դժբախտաբար, կան նման մարդիկ: Հետեւաբար երբ մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է հասկանանք, թե հարցի գինն ինչ է: Պետք է հասկանանք, որ եթե տանուլ տանք այս վերջին հողակտորը, ապա վերջ է լինելու հայոց պետականությանը: Եթե սա է որոշ մարդկանց նպատակը, նրանք չարաչար սխալվում են: Մենք պետք է անընդհատ խոսենք սրա մասին:

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, ճանապարհները բացելը, գնալը դեպի խաղաղության որքանո՞վ եք հնարավոր համարում: 

-Ընդհանրապես, երբ երկու կողմերն ուզում են՝ խաղաղություն լինի, պետք է երկուսն էլ ուզեն: Եթե մի կողմն է միայն ձգտում խաղաղության, էն մյուսը չի ձգտում, սա խնդիր է: Եթե երկուսն են ձգտում, սա այլ հարց է: Ես դեմ չեմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության կնքենք, ու ամեն ինչ նորմալ լինի: Իսկ ո՞վ է դեմ: Ուղղակի պետք է իմանալ՝ ինչի գնով այդ ամենը պետք է տեղի ունենա: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում Ադրբեջանը:   Ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից որեւէ քայլ, որ նա պատրաստ է խաղաղության: Վերջին զարգացումները՝ Զանգեզուրի տնտեսական շրջանի ձեւավորումը ի՞նչ է նշանակում: Դա խաղաղության պայմանագի՞ր է: Հակառակը՝ սա հայտնի աշխարհաքաղաքական նոր ճակատ է բացում, սա մեկ հարց է:

Տեսեք, թե քանի դեսպան են բերել Շուշի: Ինչի՞ են բերում նրանց Շուշի: Բարեբախտաբար, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄն-ի, ո՛չ Ֆրանսիայի դեսպանները չայցելեցին: Պետք է մենք ասենք նախօրոք, որ, ժողովո՛ւրդ, հանրությո՛ւն, մեզ համար դա անընդունելի է: Պետք է շատ լավ պատկերացնել, թե ով է մեր դիմացինը, ինչ բարոյահոգեբանական արժեհամակարգի կրող է, ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի:

-Շուշիի հետ կապված եմ ուզում խոսել. ինչո՞ւ որոշեցին այս պահին դեսպաններին բերել:

-Նպատակը շատ պարզ է. լեգիտիմացնել իրենց ագրեսիան: Փաստորեն, այն երկրների դեսպանները, որոնք եկան, ստացվեց, որ նրանք ոչ միայն չեն դատապարտում Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այլ ողջունում են, այլապես չէին գա Շուշի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 2.6 տոկոսով ավելացել են: Երկաթուղով ուղեւորափոխադրումներն աճել են 23.1 տոկոսով, բայց ավտոմոբիլայինը, հակառակը, նվազել է 6.1 տոկոսով: Տեղեկացնենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 19.2 տոկոսով: Տաքսիներից հունվար-մայիս ամիսներին օգտվել է 824 հազար 700 ուղեւոր: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Մասնագետների խոսքերով՝ ուղեւորափոխադրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է թողել նաեւ Հայաստանում ավտոպարկի ընդլայնումը: Բացի այս, աճ է արձանագրվել էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների դեպքում 57.7 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Այլ կերպ ասած, մետրոյից այս տարվա հինգ ամիսներին օգտվել է 8 մլն 509 հազար 800 մարդ:

 

 

ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 34 մլրդ 772 մլն 300 հազար դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն զգալի պակասել է՝ 3.5 տոկոսով։ Բայց, չնայած ցուցանիշների նվազմանը, Հայաստանի ավտոշուկայում կորոնավիրուսից հետո փոքր-ինչ ակտիվություն կա: Նկատենք, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն ավելացել է 2 տոկոսով, այսինքն՝ մեր հանրապետությունում հունվար-մայիսին առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 187 մլրդ 107 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7.4 տոկոսով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 523 մլրդ 1 մլն դրամ:

Մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 5 ամիսներին կազմել է 629 մլրդ 333 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 13.1 տոկոսով: Մանր խանութների դեպքում է պատկերը տխուր. առեւտրի ծավալները նվազել են 23.6 տոկոսով: Մանր կրպակներում առեւտրի ծավալները եւս նվազել են 18.6 տոկոսով: Այս դեպքում նվազման այլ պատճառ է շրջանառվում. ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երեւանում մանր խանութները, կրպակները կամաց-կամաց փակվեցին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գյուղատնտեսական շուկաներում եւս ակտիվություն կա. այստեղ առեւտրի ծավալները ավելացել են 29.9 տոկոսով:

 

 

ՍԱՀՄԱՆԸ ՉՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԳՈՐԾԸ

Փաստաբան Երեմ Սարգսյանը սահմանի չկահավորման խնդրով գործընթաց է սկսել եւ անգամ դատախազության գործողությունների մասով դիմել է դատարան: Մեզ հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, թե ինչ դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազությանը սահմանային իրավիճակի մասով, որից հետո ստանալով պատասխանը՝ դիմել է դատարան:

 

Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ պաշտոնական անփութության հակտանիշներով: Մասնավորապես, իրավապահ մարմինները քրեական գործը հարուցել են այն դեպքից հետո, երբ հակառակորդը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր առաջ է եկել եւ հրաժարվում է լքել ՀՀ տարածքները:

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ի դեպ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մայիսի 3-ի հայտարարությունը: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն՝ Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ, ավելին, պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ:

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ զինվորական քննչական վարչությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի՞ հարցաքննության. ի վերջո նա էր Ազգային ժողովում հայտարարել, թե «ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի»:

Ստացվում է՝ անգամ եթե վարչապետին զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ուրեմն հերթական անգամ սխալ են զեկուցել, կամ նա է իրականությունն այլ կերպ ներկայացրել: Ինչեւէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս