ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։

 

Նոր որոշման 1.2 կետը վերաբերում է առաջին որոշման 2.1-ին կետին. այն փոփոխության է ենթարկվում: Կետը վերաբերում է Հայաստան մուտք գործելու կարգին:

Առաջին որոշման սույն կետը հետեւյալ տեսքն ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ՝ ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ): Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով, հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) բոլոր կոնտակտային տվյալները եւ ղեկավարի անունը պարունակող ձեւաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին:

Զննության արդյունքներով՝ անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»:

Իսկ փոփոխված տարբերակումն այսպիսին է. «2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ):

Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձեւաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով, կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները, կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձեւանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաեւ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով»:

Այսինքն՝ եթե նախկինում Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ էր ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, հիմա արդեն անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (պատվաստման սերտիֆիկատ): Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։

 

 

ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Հուլիսի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ընդունել Կորյուն Վարդապետյանին ազատել  «Աչաջրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից եւ լուծել 2018թ. ապրիլի 28-ին նրա հետ  կնքված աշխատանքային  պայմանագիրը։ Որպես մարզպետի որոշման հիմք՝ նշված է Կ. Վարդապետյանի հունիսի 29-ի  անձնական  դիմումը։ Հունիսի 20-ի ընտրություններում Կ. Վարդապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, եւ աշխատանքից ազատվելը դրա հետեւանքն է։  Շուրջ մեկ տարի առաջ անզգայացնող բժիշկ  եւ վիրահատարան չունենալու պատճառաբանությամբ փակեցին Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը, Կ. Վարդապետյանը պայքարում էր  ծննդատունը փակելու դեմ։ Նա հայտնի է որպես  հմուտ  մանկաբարձ-գինեկոլոգ, սրտակից մարդ, Տավուշի մարզում եւ մարզի սահմաններից դուրս բարի համբավ է վայելում, շատ հղիներ նրան են վստահում իրենց առողջությունը։ Կորյուն Վարդապետյանին աշխատանքից ազատվելու լուրը շատ վատ է ընդունվել Տավուշի մարզի բնակչության, հատկապես՝ երիտասարդ մայրերի կողմից։

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

2021թ. սեպտեմբերի 1-ից առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում: Մինչեւ սեպտեմբեր Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչները Եվրամիության դրամաշնորհային ծրագրով կվերապատրաստվեն:  Վերապատրաստումներ կիրականացվեն նաեւ մարզի դպրոցների տնօրենների եւ վարչական աշխատակիցների համար: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները վատ են ընդունում ամռան ամիսներին վերապատրաստումներին մասնակցելը։ Նրանք դժգոհում են, որ իրենք  ուսումնական ամբողջ տարին աշխատել են, ամառային հանգիստն իրենց հարկավոր է ուսումնական գործընթացից կտրվելու, լիցքաթափվելու, ուժերը վերականգնելու համար, սակայն վերապատրաստումների  պատճառով զրկվելու  են այդ հնարավորությունից։ Տավուշի մարզի գյուղերի հանրակրթական դպրոցները քիչ  թվով աշակերտներ ունեն, այդ պատճառով այդ դպրոցների ուսուցիչների աշխատավարձը ցածր է, ուսուցիչները իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար զբաղվում են նաեւ հողագործությամբ եւ անասնապահությամբ, ամառը գյուղատնտեսության ամենաեռուն շրջանն է, վերապատրաստումների պատճառով ուսուցիչները  տեւական ժամանակ զրկում են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ Տավուշցի ուսուցիչները հայտնեցին, որ իրենք հոռետես են անցկացվող վերապատրաստումների բովանդակության վերաբերյալ, սովորաբար դրանք ձեւական բնույթ են կրում, դրամաշնորհային ծրագիր են, որոնք հարստացնում են այն իրականացնող բարձր պաշտոնյաներին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Տաքսի ծառայությունների գները վերջին շրջանում կտրուկ թանկացել են. քաղաքացիներն ահազանգում են: ArmLur.am-ը գնացել է ահազանգերի հետքերով՝ խոսելով հենց ոլորտի պատասխանատուների հետ՝ հասկանալու համար, թե  իրականում ինչ է կատարվում տաքսի ծառայությունների շուկայում, եւ արդյոք թանկացման պատճառները օբյեկտիվ են, թե ոչ:

 

GG  հաճախորդների սպասարկման մենեջեր Վլադիմիր Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում ունեն մեծ պահանջարկ՝ պատվերների քանակի հետ կապված, դրանով պայմանավորված պատվերների նվազագույն արժեքը տվյալ տարածքում կարող է փոփոխվել: Սարգսյան խոսքով՝ երբեմն ունենում են նաեւ վարորդների պակաս, եւ որպեսզի ներգրավվեն նոր վարորդների, սակագինն են բարձրացնում՝ այսպես ասած, որպես մոտիվացման տարբերակ։

Իսկ, ահա, «Յանդեքս GO»-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը գնային քաղաքականության փոփոխությունը կապեց վերջին շրջանում հանրապետությունում եւ հատկապես մայրաքաղաք Երեւանում առկա բարձր ջերմային ֆոնի  եւ քաղաքում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների հետ։

Մեր զրուցակցի խոսքով՝ գերառաջարկի խնդիրը նաեւ պայմանավորված է նախորդ տարվանից ամբողջ աշխարում տիրող կորոնավիրուսային համաճարակով, քանի որ շատ երկրներում դեռ սահմանափակումներ կան, եւ մեր քաղաքացիները հանգստանում են Հայաստանում, եւ դրան զուգահեռ ունենք նաեւ զբոսաշրջիկների հոսք. չէ՞ որ Հայաստանը բաց է օտարերկրյա քաղաքացիների համար։

Քաղաքացիները նաեւ դժգոհություն են հայտնում՝ կապված վարորդների վարքագծի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում «Յանդեքս GO»-ի տարածաշրջանային ղեկավարը չբացառեց, որ ունենում են վարորդներ, որոնք այքան էլ ծառայությանը հարիր չեն, սակայն նաեւ ավելացրեց, որ այժմ հազվադեպ են հանդիպում նման վարորդներ՝ նկատելով, որ դա էլ միայն start սակագնի վարորդների դեպքում է հնարավոր։

Ինչեւէ, հուսանք, որ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կկարողանան գտնել ճիշտ լուծումներ՝ ոլորտը կարգավորելու համար. ի վերջո, հանրային տրանսպորտի այսպիսի անմխիթար պայմաններում քաղաքացիների համար երթեւեկելու հարմարավետ միջոց են դարձել հենց տաքսիները։

 

 




Լրահոս