ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀՈՒՇԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն ինչ սկսվեց երկու ռումբերի պայթյունից, ու արդեն հրամանատարի գոռոց՝ պատերազմը սկսելու մասին: Վազելով դեպի նկուղ՝ լսում էի տարբեր ձայներ. բոլորը միաձայն աղոթում էին, լսվում էր աղոթի  տարբեր բառեր՝ տարբեր ձայներով, եւ ինքս աղոթում եւ խնդրում էի, որ ամեն բան շուտ ավարտվի: Դե ինչ, բոլոր դեպքերում այս անգամ պատերազմի մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր ունեին շատ նպատակներ ու չէին ուզում կիսատ թողնել այդ ամենը. Նրանք պետք է հասնեին իրենց երազանքներին: Գիտեմ՝ շատերը, ցավոք սրտի, ապում են երկնային կյանքում, բայց այս գրքով շատ բան կպատմեմ նրանց երազանքների ու նպատակների մասին»,- այս տողերով է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցը սկսում է 44-օրյա պատերազմի մասնակից Լեւոն Սահակյանը:

 

19-ամյա Լեւոնն ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմ: Նա առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին, Հադրութի, Շուշիի թեժ մարտերին, եւ պատերազմի վերջին օրերին Շուշիում  ծանր վիրավորվել է:

Պատերազմից հետո Լեւոնն  իրականացրել է այն խոստումը, որը տվել էր հերոսացած հրամանատարներին եւ ընկերներին՝ գրել գիրք՝ «Կռիվ տալով» խորագրով, եւ հավերժացնել  պատերազմական հուշերը:

Պատերազմի մասին գիրք գրելու գաղափարը ծագել է սեպտեմբերի 30-ին՝ այն օրը, երբ իմացել է, որ իրենց գումարտակի հրամանատար Դավիթ Ղազարյանը զոհվել է. «Երբ ասացի, որ պատրաստվում եմ գիրք գրել, տղերքը չէին հավատում, չէին սպասում ինձանից, որ կարող եմ գիրք գրել, քանի որ ես ծառայության երկու ամիսների ընթացքում եղել եմ շատ համեստ եւ երբեք չեմ բարձրաձայնել իմ կրթության մասին: Երբ սկսեցի գրել, հաճախ էի կարդում, հետո սկսեցին ինձ ավելի ոգեւորել տղաները, բայց ամեն օր տղերքին ասում էի՝ եթե ես չլինեմ, նպատակս կհասցնեք իմ վերջին կետին: 40 օր անցկացրի կռվի ամենաթեժ վայրերում իմ հրամանատարների, իմ զինակից ընկերների հետ միասին: 40 օր քայլել մահվան հետ, չտեսնել նրան, բայց հոգուդ խորքում զգալ ու կռիվ տալով գնալ առաջ… Հադրութը եղել է մեր պաշտպանության տակ, եւ շուրջ մեկ ամիս մենք թույլ չենք տվել թշնամուն  գրավել մեր պաշտպանության տակ գտնված դիրքերը, հետո ենք  իմացել, որ շուրջ 14 օր եղել ենք շրջափակման մեջ, քանի որ իրենք վերցրել էին քաղաքը, բայց ոչ դիրքերը: Մինչեւ վերջին պահը, շունչը ոչ մի վիրավոր չենք թողել, դուրս ենք հանել թշնամու կրակի տակից: Երբ հասանք Շուշի՝ ցուցանակի մոտ, նկատեցինք, որ ամեն բան շատ վատ է, բոլորը դուրս էին գալիս, կային հարյուրավոր դիակներ, վիրավորներ եւ պատգարականեր, համատարած խուճապ էր տիրում…»:

Հեղինակը գիրքն ավարտում է հետեւյալ տողերով. «Պատերազմ, որը կյանքի բարդ շրջան է: Սաղավարտ, զենք եւ խրամատ: Փորել ու փորել: Փորել այնքան, որ ձեռքերդ դառնան կոշտ, ինչպես քար: Քառասուն օր շարունակ փորել: Ամեն անգամ պառկել ու Աստված կանչել, որ այդ գրողի տարած արկերը չվնասեն քեզ ու քո զինվոր եղբայրներին: Շատ եմ ցավում հայ ազգիս ու իմ ընկերներիս համար: Աստված ինձ փրկեց թշնամու բեկորներից ու գնդակներից ու տվեց նոր կյանք, որի համար միշտ քեզ եմ շնորհակալ, Տե՛ր իմ: Առո՛ղջ եղեք, գնահատեք ձեզ տրված կյանքը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՎԱՐՏ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:  «Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին: 23 տարի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել հայոց հիմնը եւ պարգեւել ուրախության եւ հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է: Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին եւ երջանկահիշատակ Սպորտի նախարարությանը՝ աջակցելու եւ գնահատելու համար արված աշխատանքը»,-նշել է նա:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց ֆրանսիացի Միշել Պլատինիի ռեկորդը՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների ամենաավագ լավագույն ռմբարկու։ Միշել Պլատինին 1984թ. Եվրոպայի առաջնությունում 9 գոլով լավագույն ռմբարկու է դարձել 29 տարեկան եւ 1 ամսականում։ Եվրո-2020-ում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց 4 խաղի (360 րոպե), խփեց 5 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։ 36-ամյա ֆուտբոլիստը 5 գոլից 3-ը խփեց 11 մետրանոցից։ 5 գոլ խփեց նաեւ Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, որը մասնակցեց 5 հանդիպման (404 րոպե)։ Մրցաշարի կանոններով «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Շիկն այս մրցաշարում գոլային փոխանցում չունեցավ։ 5-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած Ռոնալդուն 14 գոլով ռեկորդակիրն է։

 

 

ԱԶԳԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։ Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։ Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։

 

 




Լրահոս