ԳԱՍՊԱՐՅԱՆԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հուլիսյան դեպքերի եւ սեպտեմբերյան  44-օրյա պատերազմի արդյունքում, այսպես ասած, քավության նոխազ դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ինչպե՞ս. փորձենք իրադարձությունները միմյանց հետ շաղկապելով վերհիշել ու վերլուծել: Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց 2020 թվականի հունիսի 8-ին եւ նույն օրն այդ պաշտոնին նշանակվեց Օնիկ Գասպարյանը: Պաշտոնապես մեկնաբանվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավարակի խիստ կարանտինի պայմաններում տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, եւ դա է հիմք հանդիսացել նրան այդ փուլում աշխատանքից ազատելու համար: Բայց ուշագրավ էր այն, որ այդ հարսանիքի մասին նախապես տեղյակ է եղել նույն Նիկոլ Փաշինյանը. նա նախապես գիտեր, որ լինելու է Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, եւ հետագայում պարզվեց, որ նրան ազատելու պատճառներն իրականում այլ էին, քան հարսանիքի կազմակերպումը: Եվ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելուց ընդամենը մեկ ամիս չորս օր անց սկսվեցին Տավուշյան դեպքերը, երբ  պաշտոնապես պարզաբանվեց, որ հուլիսի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին: Այդ փոքրիկ միջադեպից պատվով դուրս եկանք, իսկ, ահա, սեպտեմբերյան դեպքերը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմն Արցախում, մենք պարտվեցինք: Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրին աշխատանքից բավականին կասկածահարույց հանգամանքներում: Եվ, ահա, այդ ամենից հետո, երբ Գասպարյանն իր ազատումը վիճարկում էր դատարանում, կրկին Արտակ Դավթյանը «մաքուր» վերանշանակվեց նույն ԳՇ պետի պաշտոնում:  Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը: Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, որ մեծամասնությունը չի ցանկանում՝ Թորոսյանը ԱԺ-ում դիրքեր ունենա: Պատգամավորների մեծամասնությունը ցանկանում է, որ կրկին Նարեկ Զեյնալյանն ընտրվի այդ պաշտոնում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ խմբակցությունում ազատ է թողնված այդ որոշումը, իրենք իրենց կամքով կորոշեն՝ ում են ընտրելու՝ Թորոսյանին, թե Զեյնալյանին: Եվ քանի որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա չի բացառվում՝ հենց Նարեկ Զեյնալյանն էլ ընտրվի այդ պաշտոնում. ի վերջո, Թորոսյանին դեմ հանդես եկողները շատ են, եւ քվեարկությունը լավ առիթ է իրենց վերաբերմունքը գործով ցույց տալու  համար: Ամեն դեպքում, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար: Սակայն  մշուշոտ է մնում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա եւս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է: Եւ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս: Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը եւս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացանք, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել: ՊՊԾ-ն պետք է ոտքից գլուխ «հետազոտի» այն անձանց, որոնք օրենսդիր մարմին կմտնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում եւս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել, պատգամավորների հետ հարցազրույցները կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին: Ինչպես հայտնի է, լրագրողներից ամենաշատը խուսափող խմբակցությունը եղել է «Իմ քայլը»: Հիմա այդ ծրագրերն իրականացնելու ակտիվ գործընթացներ են մշակվում, տարբերակներ առաջ քաշվում: Իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ վտանգավոր ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել խստացնել բոլոր պայմաններն ու կանոնները: Կարելի է ասել՝ իշխանությունը սարսափած է, ամեն քայլի դիմելու է իր անվտանգությունը ապահովելու համար:




Լրահոս