ՍԴ-Ն ՈՐՈՇ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐԺԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել քաղաքական ուժերի` որոշ դեպքերում տարբեր կառույցներից տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու մասին որոշ միջնորդությունների քննարկումը, միջնորդությունների մի մասն էլ դատարանը մերժեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդեցին իրենց ներկայացրած միջնորդությունները:

 

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը  ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը եւ երբ է վերադարձել, ինչպես նաեւ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից եւ վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել եւ ինչ պատճառներով:

«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել:  Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը:

Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը դատարանը եւս մերժել է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժվել է, մի մասը հետաձգվել»,- հավելեց Դիլանյանը: Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի: «Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավոր է արդյոք բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու եւ մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որեւէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետեւաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը»,- ասաց Մուկուչյանը:

 

 

ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը Արմեն Պառավյանի հետ՝ խմբի կազմում, համալիրի աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Դրանից հետո Ա. Բաբայանը, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն կարգի հրավիրելու Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, իր կողմից ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենի բռնակով հարվածել է Արմեն Խլղաթյանի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետո Ա. Բաբայանը երկու եւ ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով  նույն հրազենից կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչ Արամ Կարապետյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է:

Այնուհետեւ Բաբայանը նույն հրազենից կրակել է Արմեն Խլղաթյանի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նա նույն հրազենն ուղղել է համալիրի հետնամուտքի դռնից դուրս եկած Սմբատ Խլղաթյանի կողմ եւ ձգանը մի քանի անգամ քաշելով՝ փորձել կրակել, սակայն ատրճանակը խափանվելու հետեւանքով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:   Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ քրեական գործով բոլոր անձանց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ՝ քրեադատավարական կարգին համապատասխան:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ՊԱՀԵՍՏ՝ ԱՅԳԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ

2021թ. հունիսի 25-ին հրապարակվել էր «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ, այգին ոչնչացնելու հաշվին, պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը: ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել եւ Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.  Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին եւ որում ներառված են նաեւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:

Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը: Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առեւտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը: Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Մայիսի 29-ին՝ գիշերվա ժամը չորսին մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը եւ հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, եւ նա փախել է: Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաեւ` փորձագետ ու շնավարժ: Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել էր մայրաքաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 9-ին նա հայտնաբերվել է Արցախի փողոցում, բերման ենթարկվել Մարաշի բաժանմունք եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս