Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ: «Խստագույնս դատապարտում ենք 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։
Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաեւ սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման եւ ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաեւ խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։
Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական եւ պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռք բերումը հակամարտության համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
ԲԵՐՔԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ
Մորեխները ոչնչացում են Այրում խոշոր համայնքի Բագրատաշեն եւ Պտղավան գյուղերի այգիները եւ ցանքերը։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ վնասատուների արշավը մայիսի վերջին սկսվեց, երբ հայտնվեցին վնասատու ծղրիդներ, դրանից հետո հայտնեցին «Բոգոմոլ» («Աղոթարարներ») տեսակի մորեխներ, իսկ այժմ տեղացիների կողմից «Սարանչա» անվանված մորեխների մեծ՝ 8-10 սմ երկարությամբ վնասատուների խմբերը ոչնչացնում են այգիները եւ ցանքերը։ Նրանք կրծում են դեղձի, կորոլյոկի պտուղները՝ ծառին թողնելով միայն կորիզը, իսկ եթե կիսատ են թողնում պտղի կլանումը, փչացած պտուղները հետո մրջյուններն են ոչնչացնում։ Մորեխի հսկայական խմբերը ամբողջությամբ ոչնչացնում են պտղատու այգիների բերքը, նաեւ արեւածաղկի, ձմերուկի եւ այլ մշակաբույսերի բերքը։ Դրանք նաեւ պտղատու ծառերի, մշակաբույսերի կանաչ ճյուղերն ու տերեւներն են ոչնչացնում։ Այրումի համայնապետարանը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, որի կազմում գործող գյուղատատնտեսական ինչ-որ ՊՈԱԿ սահմանափակ քանակի բուժանյութ է տրամադրել, որոշ այգիներ սրսկվել են, սակայն դա անօգուտ է, քանի որ հարակից, չսրսկված այգուց մորեխները կրկին հայտնվում են սրսկված այգիներում։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Էկոմոնիկայի նախարարություն կազմում գործում է գյուղատնտեսական ծառայություններ իրականացնող ՊՈԱԿ, որը 135 լիտր թունաքիմիկատ է տրամադրել, դրանով շուրջ 900 հեկտար տարածքում մորեխների դեմ պայքարի է իրականացվել։
ԴԺԳՈՀ ԵՆ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ, այդ թվում՝ տարրական դպրոցների դասվարներ, տարրական դասարանների աշակերտ ունեցող ծնողներ դժգոհ են գալիք ուսումնական տարում տարրական դասարաներում կիրառվելիք գնահատման նոր կարգից։ 2021թ. փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետեւ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են առարկայական բոլոր չափորոշիչները: Մինչեւ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, փոխարենը սովորողների գնահատումը կիրականացվի բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Բացի դրանից, չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը: Նոր կարգից դժգոհողները կարծում են, որ տարրական դասարաններում աշակերտներին միավորային գնահատման վերացնելը խիստ նվազեցնելու է աշակերտների սովորելու ձգտումը, երեխաները, հատկապես՝ ցածր դասարանների աշակերտները, սիրում են միավորներով գնահատվել, որին չեն կարող փոխարինել ամորֆ բնութագրիչները։ Դժգոհողներն ասում են, որ եթե միավորային գնահատում չլինի, աշակերտների սովորելու մոտիվացիան ցածր է լինելու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՏՆՕՐԵՆԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Բերման է ենթարկվել Արարատ քաղաքի Սուրենավան գյուղի Մշակույթի տան տնօրեն Արտավազդ Կարապետյանը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեղեկություններ են ստացել եւ Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արտավազդ Կարապետյանին եւ նրա մեքենայում գտնվող ուղեւորներ Արշակ Մարտիրոսյանին ու Աշոտ Խաչիկյանին: Վերջիններիս տարել են ոստիկանության բաժին, որտեղ սկսել են խուզարկել, ինչի արդյունքում Ա. Կարապետյանի անձնական խուզարկությամբ ջինսե տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել մոտ 1.1 գրամ կշռով կանաչ գույնի չորացված եւ մանրացված վիճակում «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Մշակույթի տան տնօրենը իրավապահներին ասել է՝ նշվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, ու այն ձեռք է բերել Սուրենավան գյուղի դաշտերից: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ ուշագրավ զարգացումները շարունակվում են: Դատավորի նկատմամբ իրականացված քայլերի մասով հարուցվեց երկրորդ քրեական գործը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց, այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով եւ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Նշենք, որ Աննա Դանիբեկյանի հարցով եւս մեկ քրեական գործ է քննվում դատարանում: Բանն այն Է, որ 2019 թվականին սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան Նարեկ Մութաֆանը եւ Սարգիս Օհանջանյանը մոտեցել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ փորձել էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա «վնգստացող դատավորների» ցանկում, եւ այսպես դատավորին հետապնդել էին մինչեւ դատարանի մուտքը: Այս արարքի համար վերոնշյալ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, եւ գործը դեռեւս քննվում է դատարանում: