Ոստիկաններն ընդհատել են Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Полный контакт» հաղորդաշարի եթերն ընդհատվել է այն բանի պատճառով, որ Գերմանիայից նրա զրուցակից Ալեքսանդր Սոսնովսկիի տուն են եկել ոստիկանները, գրում է Gazeta.ru-ն:

Հուլիսի 14-ի եթերում Սոսնովսկին պատմել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի (ՌԴ-ում ենթադրյալ թունավորումից հետո տևական ժամանակ բուժվել է Գերմանիայում-Խմբ.) արյան նմուշառման ամսաթվի վերաբերյալ զեկույցում առկա հակասությունների մասին:

Այդ պահին բնակարանի դռան զանգի ու թակոցի ձայներ են լսվել: Պարզվել է, որ ոստիկանությունը եկել է Սոսնովսկիի տուն: Նրա խոսքով՝ ոստիկանները ճշտել են իր անունն ու հասցեն, պարզել են ամեն ինչ կարգի՞ն է, հետո հեռացել են:

«Ես չեմ կարող դա բացատրել այլ բանով, բացի այն փաստով, որ ինչ-որ մեկը ուշադիր հետևում է, թե որտեղ եմ ես, ինչ եմ անում և ինչ-որ ազդակներ է տալիս», – ասել է հյուրը:

Սոլովյովի խոսքով, դա կարող է պայմանավորված լինել Սոսնովսկիի գործունեությամբ, որը ակտիվորեն լուսաբանում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը:




Լրահոս