Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է: Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, եւ ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է: Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, եւ դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված: Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչեւ Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում եւ վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն եւ այլն ու դրանով վերջնականապես փակելով նաեւ Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել եւ կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը: Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիեւը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով եւ հանդուրժողականությամբ կատարում է Ալիեւի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ: Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչեւ այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որեւէ ձեւով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը: Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչեւ այժմ որեւէ բան չի արվել, որեւէ խոստում չի տրվել: Մեր աղբյուրները նշում են, որ հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձեւաչափով, որեւէ փակագիծ չի բացում: Ու նաեւ դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցել այդ հավաքներին, թե հրաժարվել:
Մեծաթիվ քննիչներ եւ օպերատիվ ծառայողներ երեկ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք։ Նկատենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունները ընկնում են ռուսական կապիտալով ընկերության հետեւից: Բանն այն է, որ 2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ եւ դիվանագետ է։ Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաեւ Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին: Նշենք, որ Պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետաքրքրությունը մեծացավ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից եւ այն բանից հետո, երբ կոմբինատի բաժնետեր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մասնակցեց արտահերթ ընտրությունների՝ Սյունիքի համայնքապետերի հետ համատեղ։ Հիշեցնենք, որ առաջին ընկերությունը, որը հայտնվել էր հեղափոխական իշխանությունների եւ նրանց հրահանգով իրավապահների թիրախում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն էր: 2018թ-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքով։ Ավելին, 2018 թ. սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով երկաթուղու մասին, ասել էր. «Ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն, բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն»: Բայց այդպես էլ չիմացվեց՝ որտեղ, ով, ինչպես էր խախտել ՀՀ պետական շահը, եւ ինչպես վերականգնվեց արդարությունը:
Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, եւ հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱծ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից: Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք եւ այսպես շարունակ, եւ ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման եւ իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով: Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Ազգային անվտանգության ծառայությունը. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը եւ վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը: Այսինքն՝ Հայաստանի անվտանգության պահպանումը պետք է լինի այս կառույցի թիվ մեկ խնդիրներից մեկը, սակայն նրանց պաշտոնական հաղորդագրություններին հետեւելիս տպավորություն է, որ ոստիկանական մի ստորաբաժանում է գործում: