ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Հովիկ Արսենյանի հետ` պարզելու համար, թե ինչ կարծիք ունի այս օրերին Սահմանադրական դատարանում ընթացող ընդդիմության բողոքի վերաբերյալ: Ըստ Արսենյանի` ինքն ականատեսն է այն բանի, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հենց ընդդիմությունն է կեղծել ու ընտրախախտումներ իրականացրել:
-Պարո՛ն Արսենյան, հետեւո՞ւմ եք Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսներին: 4 քաղաքական ուժեր դիմել են՝ չեղարկելու ընտրությունների արդյունքները: Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք:
-Մեր հասարակությունն ուղղակի հետեւում է Սահմանադրական դատարանում ընթացող երեւույթներին: Եվ այս պայմաններում ես համոզված եմ, որ անվավեր չեն ճանաչի: Ամբողջ Սյունիքի տարածքում վարչական ռեսուրսն օգտագործվել է Ռոբերտ Քոչարյանի համար եւ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքի համար: Բոլոր քաղաքապետերը, նրանց ներկայացուցիչները խիստ հրահանգված աշխատել են այդ դաշինքների համար: Չի բացառվում, որ այլ տեղերում նման երեւույթները կապեն, որ վարչապետի ժամանականավոր պաշտոնակատարն այցեր է կատարել տարբեր համայնքներ: Դրա փոխարեն ես ականատեսն եմ եղել, թե ինչպես են եղել մարդկանց հավաքագրում, անձնագրերը վերցնում էին: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչի համար էին հավաքում: Հասկացնում էին, որ այդ մարդուն կոդավորում էին, եւ եթե հանկարծ չգնաք ընտրեք Քոչարյանին, պարզ է, թե ինչ հետեւանքներ կլինեն: Բնականաբար, այդտեղ նաեւ աշխատել է փողի հանգամանքը: Ես համոզված եմ դրանում: Տպավորություն էր, թե կարծեք վերադառնում էինք 2000-ականներ կամ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, երբ ակնհայտ երեւում էր, որ բուժհիմնարկների աշխատողները պետք է կարմիր գրիչով պտիչկա դնեին, էլցանցի աշխատողներները եւ այլն:
-Պարո՛ն Արսենյան, Դուք վստա՞հ եք, որ Սահմանադրական դատարանը չի չեղարկելու ընտրության արդյունքները, որեւէ փոփոխություն չի կատարելու այն իրավիճակում, ինչը տեղի է ունեցել:
-Այո, որովհետեւ ամբողջ աշխարհը, միջազգային կառույցները, բոլորն ընդունել են մեր այս ընտրությունները, որպես թափանցիկ դեմոկրատական ընտրություններ: Անհասկանալի է, այս պայմաններում որ նման օրենք են դրել: Նրանց ներկայացուցիչն էլ հայտարարում է, որ նորմալ է, եւ իրենք պետք է շարունակեն ընդվզել եւ հանգիստ չեն թողնելու այս իշխանություններին: Ո՞նց կարելի է այդքան արհամարհել, այդքան փորձել թուլացնել այդ պետությունը:
– Մի հատվածն էլ ասում է, որ պետք չէ վստահել Սահմանադրական դատարանին, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչները դեռեւս կան, այսինքն՝ անաչառ որոշման պետք չէ սպասել:
-Զգացվում է, որ դատարանի երկու անդամներ նույնիսկ պատասխանում են բողոքավորների հարցադրումներին: Այդ շահագրգռվածությունն ու անկոմղնակալությունն այլեւս հասկանալի է: Բայց Սահմանադրական դատարանի կազմը մեծ է, եւ կարծում եմ՝ վերջապես մենք կտենենք, որ իսկապես օբյեկտիվ որոշում կկայացնեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ինչպես հայտնի է, 2020թ. հունիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 մլն 591 հազար 316, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282 հազար 411 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 49,4%-ը: Խորհրդարան են անցել Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների կազմած դաշինքները` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ»: Խորհրդարանում մեծամասնություն է լինելու ՔՊ-ն: Եվ նաեւ այս համատեքստում հետաքրքիր է, թե քաղաքական դաշտի հայտնի դեմքերից, հատկապես՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են այդ օրը մասնակցել քվեարկության եւ ովքեր` ոչ: Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա հարսն էլ, որը Գագիկ Ծառուկյանի դուստրն է, եւս մասնակցել է ընտրության: ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր հինգ հոգուց բաղկացած ընտանիքով մասնակցել է ընտրության, այդպես է վարվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքից երեքն են մասնակցել ընտրության, այդ թվում՝ ինքը: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ամբողջ ընտանիքը քվեարկության չի մասնակցել:
ԳՈՐԾԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԵՐԵՎԱՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիսի կրակոցների գործը չի քննվի Սյունիքի մարզում: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալն է, ուստի այս պայմաններում օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նրան այդ դեպքի մասին հարցեր են ուղղել: Սեյրան Խաչատրյանը ասել է, թե, իբր, բան չգիտի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել, բայց կոնկրետ ինչ՝ պարզում են: Ավելին, իրավապահները այս պահին փնտրում են գործող մարզպետի որդուն: Նշենք, որ երեկ ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է, եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որին իրավապահները փնտրում են:
ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ
Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցն երեկ տեղի ունեցած միջադեպն է:
Մասնավորապես, երեկ առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաեւ ադրբեջանական կողմը: Մայիսի 12-ից ի վեր Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակում փոփոխություն չկա:
Այս ընթացքում ադրբեջանական կողմը Հայաստանի տարածք մտնելու տարբեր փորձեր է արել. Խոզնավարի ուղղությամբ 1,5 կիլոմետր փորձել էին խորանալ, նրանց նախորդ դեպքերի պես տեղի հովիվներն էին նկատել: Սեւ լճի տարածքում մայիսի 20-ին նաեւ միջադեպ էր գրանցվել հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել:
Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին՝ երկու կողմերն էլ վնասվածքներ են ստացել, 11 հայ զինծառայող բժշկական կենտրոն էր տեղափոխվել, ըստ ՊՆ-ի՝ հիմնականում թեթեւ վնասվածքներով: Անցած ամիս Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմ, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել։
Այդ դեպքերից երկու ամիս անց այժմ աշխատանքներ են իրականացվում այդ հատվածում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասով: Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, ինչից հետո ճշգրտումներ կարվեն:
Մայիսին Հայաստանի տարածք ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել հայելային եղանակով հետ քաշել սահմանից եւ այնտեղ ռուսական կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դիտորդներ տեղակայել։
Ն.Հ.